Գլխավոր էջ Uncategorized Ինչու՞ պետք է ընտանիքի անդամները մեքենայում դիմակ կրեն

Ինչու՞ պետք է ընտանիքի անդամները մեքենայում դիմակ կրեն

764
0
Համավարակի այս օրերին պարետի սահմանած որոշումները, հատկապես քաղաքային տրանսպորտից օգտվելու հետ կապված, թե՛ քաղաքացիների և թե՛ վարորդների շրջանակում առաջացրին դժգոհություններ։ Medmedia.am-ի հետ զրույցում Աշոտ Ղևոնդյանը նշեց, որ չի կարողանում ընկալել սեփական մեքենայում դիմակ կրելու անհրաժեշտությունը, հատկապես այն դեպքում, երբ ընտանիքիդ անդամների հետ ես։
« Ես ունեմ սեփական մեքենա ու երբ ընտանիքիս անդամներին տանում եմ զբոսանքի, չեմ կարողանում հասկանալ, ինչու՞ պետք է բոլորս դիմակ կրենք։ Չէ՞ որ, ողջ օրը միասին ենք, սրճում ենք նույն բաժակներից, ճաշում ենք նույն ամաններից։ Այս ինչպե՞ս է ստացվում, որ հենց մեքենայում միմյանց կվարակենք»,-հարցադրեց քաղաքացին ու նշեց, որ մեկ անգամ տուգանվել է , քանի որ կինը նստել է մեքենայի առջևում՝ առանց դիմակ։
Medmedia.am-ը կապ հաստատեց «Վարորդի Ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի հետ, ով անդրադառնալով մեքենայում դիմակ կրելուն, կամ առհասարակ տույժ ու տուգանքներին, ասաց, որ իրենց շատ են դիմել հիմնականում այն հարցով, թե ինչու՞ պետք է սեփական մեքենայում, ընտանիքի բոլոր անդամները դիմակ կրեն։ « Այստեղ քաղաքացիների համար կա անհասկանալի բան, մենք մշտապես ստիպված ենք լինում բացատրել, որ դիմակ կրում ենք ոչ թե միմյանց չվարակելու համար, այլ ոստիկանության աշխատանքային ծանրաբեռնվածությունը մի փոքր թեթևացնելու համար։ Ոստիկանը չի կարող իմանալ մեքենայում նստած բոլոր անձինք ընտանիքի անդամնե՞ր են, թե՞ ոչ, և որպեսզի հատ-հատ բոլոր մեքենաները չկանգնեցնեն, ստուգեն, որի հետևանքով էլ մեծ խցանումներ կառաջանան, որոշում կայացվեց մեքենաներում պարտադիր կերպով դիմակ կրել։ Այս դեպքում մենք ոստիկանության ուժերի աշխատանքը ռացիոնալ կօգտագործենք»։ Ինչ վերաբերում է պարտադիր անձնագիր կրելուն, ապա պարոն Քեյանն ասաց, որ, երբ մարդը չի կրում դիմակ, կամ որևէ խախտում է կատարում, ապա ոստիկանը կարող է անձնագիր պահանջել․
« Բայց , երբ մարդը կրում է դիմակ, տրանսպորտում պահպանում է անվտանգության կանոնները, չի կատարել որևէ խախտում, ապա ես չեմ կարողանում հասկանալ մարդուն կանգնեցնելու և անձնագիր պահանջելու իմաստը։ Դա նույնն է, երբ վարորդը առանց որևէ խախտումի մեքենան վարի, բայց ՃՈ աշխատակիցը կանգնեցի ու վարորդական իրավունք պահանջի, ես այս որոշումը սխալ եմ համարում»,-սահմանափակեց նա։ Հիշեցնենք, որ հունիսի 17-ից ՀՀ քաղաքացիների համար պարտադիր է դառնում անձը հաստատող փաստաթղթի կրումը, խոսքը անձնագրի, վարորդական իրավունքի կամ ID քարտի մասին է: Այն չունենալու դեպքում նախատեսվում է տուգանք՝ 10 հազար դրամ։ Ինչ վերաբերում է ձեռնոցներ կրելու պարտադիր պայմանին, ապա վարչապետը հունիսի 16-ին հայտարարել էր, որ պարետի որոշմամբ ձեռնոցների պարտադիր կրումը հանվել է :
«Փորձը ցույց է տվել, որ ձեռնոցները արագ կուտակում են որոշակի նյութեր և ավելի լավ է կենտրոնանալ ձեռքերը պարբերաբար ախտահանելու խնդրի վրա»,-նշել էր վարչապետը։
Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ