Գլխավոր էջ Գլխավոր Զսպված զայրույթը` զարկերակային գերճնշման պատճառը. հոգեբան

Զսպված զայրույթը` զարկերակային գերճնշման պատճառը. հոգեբան

923
0

Երբ մարդը չի կարողանում հուզական դաշտում հաղթահարել որևէ խնդիր, այն «տեղափոխում է» դեպի մարմին, և  մարմինը սկսում է հիվանդանալ։ Հենց սա է պատճառը, որ բազմաթիվ հիվանդություններ ունեն հոգեբանական արմատներ: Նշվածի  մասին MedMedia.am-ը զրուցել է հոգեբան Արմինե Փաշայանի հետ: «Հուզական վիճակի և հիվանդությունների միջև կապը շատ լավ երևում է փոքրիկ երեխաների մոտ, ովքեր չեն ուզում գնալ մանկապարտեզ, և սկսում են անընդհատ հիվանդանալ»,-մեջբերեց հոգեբնաը։ Մեծահասակների մոտ, ըստ փորձագետի, վառ օրինակ են զարկերակային բարձր ճնշումը կամ հիպերտոնիան, ստամոքսի խոցը, քաղցկեղը, շաքարային դիաբետը, ճարպակալումը և այլն։

«Զարկերակային բարձր ճնշման առաջացման հարցում, ինչպես վկայում են տարբեր հետազոտությունները՝ հույզերից հատկապես մեծ է զայրույթի դերը, ընդ որում, խոսքը զսպված զայրույթի մասին է»,-մանրամասնեց մասնագետն ու շարունակեց. «Զայրույթի պահին մարդու արյան մեջ կտրուկ մեծանում է ադրենալինի մակարդակը սկսվում է ուժեղ սրտխփոց, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, մարմինն ասես «այրվում է», դեմքն է կարմրում, վերջույթները դողում են»։

Արմինե Փաշայանը մատնանշեց, որ զայրույթի մասին խոսելիս հաճախ կարելի է լսել «արյունը գլխին է խփում» կամ «ականջներից ծուխ է դուրս գալիս» արտահայտությունները, քանի որ իսկապես զայրույթը շատ ուժեղ էներգիա ունի, որը ուզում է ելք գտնել, զայրացած մարդը ուզում է բղավել, կոտրել, հարվածել  ու իդեալական տարբերակում դա անում է իր և շրջապատի համար անվտանգ ձևով։ «Իսկ պատկերացնում եք, թե ինչ է կատարվում մարդու հետ, ով իրեն թույլ չի տալիս կամ չի կարողանում արտահայել այդ զայրույթն, այն մնում է մարմնում, ուղղվում է դեպի ներս և  վնասում է հենց տվյալ մարդուն»,-նկատեց փորձագետն ու ավելացրեց. «Պատկերացրեք փակ խողովակ, որում  ճնշումն աստիճանաբար բարձրանում է, և այն, ի վերջո, կարող է պայթել»։ Եվ հաճախ, հոգեբանի խոսքով, հենց նման մեխանիզմով էլ, եթե իրավիճակը դառնում է կրկնվող տվյալ անձի համար, այսինքն՝ նա ապրում է դրանում,  առաջ է գալիս զարկերակային բարձր ճնշում, որն էլ դառնում է արդեն խրոնիկ։

«Որպես կանոն, զարկերակային բարձր ճնշում ունեցող մարդիկ արտաքնապես շատ հանգիստ են թվում, բարի են, փորձում են բոլորին օգնել և վերահսկել, իսկ քանի որ դա հնարավոր չէ, սկսում են էլ ավելի զայրանալ»,-ասաց զրուցակիցս։

Այսպիսով՝ ըստ մասնագետի,շատ հիվանդություններ հանդիսանում են սիմպտոմ, ազդանշան, որ ինչ-որ բան հոգում այն չէ։  «Բժիշկները սկսում են բուժել սիմպտոմը դեղորայքի միջոցով, կարող են հասնել որոշակի հաջողության, սակայն որոշ ժամանակ անց հայտնվում է մեկ այլ սիմպտոմ՝ հիվանդություն, քանի որ  հիվանդության պատճառ հանդիսացող խնդիրը մնում է առանց լուծման»,-ընդգծեց Արմինե Փաշայանը։

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ