Գլխավոր էջ Գլխավոր Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խումբը կժամանի Հայաստան

Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խումբը կժամանի Հայաստան

397
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանին, Ֆրանսիայից ժամանած բժիշկներին` թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։Ֆրանսիայից ժամանած բժիշկները մեր մասնագետների հետ առաջնագծում օրեր շարունակ պայքարել են պացիենտների առողջության համար, արել հնարավորինը, որպեսզի վերջիններս կարողանան հաղթահարել կորոնավիրուսային հիվանդությունը:

«Այս իրավիճակում` Ֆրանսիայի և Հայաստանի առողջապահության ոլորտում հարաբերությունների մի նոր փուլ ենք մտնում»,- իր խոսքում նշել է Ժոնաթան Լաքոտը:

Իրենց առաքելությունն ավարտելով այս փուլում` բժիշկների թիմը վերադառնում է հայրենիք: Իսկ Հայաստանը սպասում է Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խմբին, ովքեր կժամանեն այսօր երեկոյան:

«Մեր գրասենյակի առաքելությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն է, սակայն այս պայքարում մենք ներդնում ենք մեր ջանքերը նաև նման նախաձեռնությունների կյանքի կոչման համար, և ուրախ ենք, որ Ֆրանսիայից ժամանող հաջորդ խումբը ղեկավարվելու է հենց սփյուռքահայ բժշկի կողմից»,- նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:

Արսեն Թորոսյանը երախտիքի խոսքեր է հայտնել Ժոնաթան Լաքոտին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աջակցության համար, բժիշկներին հանձնել շնորհակալագրեր ու հուշանվերներ:

Նշենք, որ հունիսի 14-ին Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել բժիշկներից բաղկացած առաջին խումբը, ովքեր 10 օր աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներում, նաև «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնում։Բժիշկների այցը կազմակերպվել էր առողջապահության նախարարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ