Գլխավոր էջ Գլխավոր Քրոջս տանջանքները այսքանով չէին ավարտվելու․ ինչի՞ց է մահացել ծննդկանը

Քրոջս տանջանքները այսքանով չէին ավարտվելու․ ինչի՞ց է մահացել ծննդկանը

3261
0

Medmedia.am-ի տեղեկություններով հունիսի 10-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել։ Վերջինիս քույրը՝ Հասմիկը պատմեց, որ քույրը հղիության ընթացքում առողջական վիճակից չի բողոքել, իրեն լավ է զգացել։ Սակայն կեսարյան հատումից հետո նրա մոտ ի հայտ են եկել մի շարք խնդիրներ․ ծանր թոքաբորբ, սեպսիս և բազմաթիվ այլ ախտանշաններ։

«Քույրս 35 շաբաթական հղիությամբ ապրիլի 29-ին տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, քանի որ այդ օրը վատ է զգացել իրեն։ Հիվանդանոցում մեզ է մոտենում Սաթենիկի բժիշկը՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արաքս Ռուդոլֆի Հակոբյանը և տեղեկացնում է, որ քրոջս վիճակը վատթարացել է ու անհապաղ պետք է կեսարյան հատում արվի։ Վիրահատությունից հետո մեզ տեղեկացնում են, որ նա կոմայի մեջ է, նրա մոտ երիկամների անբավարարություն ու թոքերի այտուց է սկսվել, բացի դրանից՝ նաև ախտորոշվել է մոր և երեխայի անհամատեղելիություն։ Սակայն ես տարբեր բժիշկների հետ զրուցել եմ, նրանք ինձ ասել են, որ այդ խնդիրը նկատելի պետք է լիներ դեռ նախորդ հետազոտությունների ընթացքում»,-մեզ հետ զրույցում պատմեց Հասմիկը։ Այնուհետև , բժիշկներն իրենց տեղեկացրել են, որ Սաթենիկի մոտ սեպսիս է և ցավոք՝ օրգանները չեն աշխատում։ Բժիշկների հորդորով Սաթենիկին մայիսի 1-ին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ ևս ախտորոշվել է սեպսիս։ Հասմիկը մեզ պատմեց, որ որոշ ժամանակ անց իր քրոջ մոտ դրական փոփոխություններ են նկատվել, սակայն արգանդում առաջացած խնդիրների պատճառով՝ ընդհանուր անզգայացմամբ՝ վերջինիս արգանդը հեռացրել են։ « Թվում էր՝ քույրս լավ է, բայց նորից ու նորից ինչ որ խնդիրներ առաջացան ու Սաթենիկը չէր կարողանում ոտքերը և թևերը շարժել։ Սկսեցինք նրան այս ուղղությամբ բուժել, մտածում էինք՝ գոնե կյանքը փրկվի։ Բայց արի ու տես, որ քրողջս տանջանքները այսքանով չէին ավարտվելու։ Նրա կեսարյան հատման կարերը սկսեցին բորբոքվել։ Հունիս 5-ին քրոջս մոտ արյունահոսություն սկսվեց, արգանդի անոթներն էր վնասված։ Նրան կրկին վիրահատեցին, արյունահոսությունն անցավ, բայց թոքերի աշխատանքը կտրուկ վատացավ, որի հետևանքով էլ հունիսի 10-ին նա մահացավ»,-պատմեց Հասմիկը։ Medmedia.am-ը կապ հաստատեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի մանկաբարձ-գինեկոլոգ Արաքս Ռուդոլֆի Հակոբյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ մամուլում իրականությունը խեղաթյուրված են ներկայացնում և նա , որպես բժիշկ ընթացքի վերաբերյալ Սաթենիկի հարազատներին մշտապես տեղյակ է պահել ու նրա կյանքը փրկելու համար արվել է հնարավոր ամեն բան։

Իսկ ԲԿ-ի մարքեթինգի և հանրային կապերի կոորդինատոր Անուշ Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բժշկական էքսպերտիզայի արդյունքները ստանալուց հետո միայն իրենք հանդես կգան համապատասխան հայտարարությամբ։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ