Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ առողջապահության նախարարությունը որոշել է դադարեցնել հիդրոքսիքլորոխինի փորձարկումը՝ որպես կորոնավիրուսի դեմ դեղամիջոց

ԱՄՆ առողջապահության նախարարությունը որոշել է դադարեցնել հիդրոքսիքլորոխինի փորձարկումը՝ որպես կորոնավիրուսի դեմ դեղամիջոց

715
0

ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը, հիդրոքսիքլորոխինի, որպես կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի, փորձարկումը դադարեցնելու որոշում է կայացրել։Այս մասին ասվում է գերատեսչության կողմից շաբաթ օրը տարածված հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչությունն ընդգծում է, որ եկել է այն եզրակացության, որ դեղամիջոցը որեւէ վնաս չի տալիս, սակայն, միաժամանակ, «ծայրաստիճան քիչ հավանական է, որ այն օգուտ տա COVID-19-ով հոսպիտալացված պացիենտներին»:

ԱՄՆ առողջապահության նախարարությանը կից սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի վերահսկման վարչությունը ավելի վաղ հետ էր կանչել կորոնավիրուսով վարակվածների բուժման համար հիվանդանոցներին հիդրոքսիքլորոխին (պլակվենիլ) եւ քլորոխին դեղամիջոցների մատակարարման թույլտվությունը: Գերատեսչության մասնագետները եկել են այն եզրակացության, որ դեղամիջոցների օգտագործման նախկինում առաջարկված սխեման «հազիվ թե հակավիրուսային ազդեցություն ունենա»:

Դեղամիջոցի օգտագործման թույլտվությունը վարչությունը մարտի վերջին էր տվել։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել COVID-19-ի բուժման համար այս դեղամիջոցի լայն օգտագործման օգտին: Նա ավելի ուշ հայտարարել էր, որ կանխարգելման նպատակով ինքն էլ մշտապես հիդրոքսիքլորոխին է ընդունում։

Հիդրոքսիքլորոխինը մալարիայի դեմ դեղամիջոց է, որը վերջերս որոշ երկրներում օգտագործվել է կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար: Մայիսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) դադարեցրեց ամբողջ աշխարհում անցկացվող համերաշխության փորձարկման շրջանակներում այս դեղամիջոցի օգտագործումը: Որոշումը պայմանավորված էր նրանով, որ մի շարք բժիշկներ ենթադրել էին, թե հիդրոքսիքլորոխինի օգտագործումը ոչ միայն չի նպաստում COVID-19-ի բուժմանը, այլեւ կողմնակի ազդեցությունների պատճառով կարող է վտանգավոր լինել հիվանդների առողջության համար: Սակայն հունիսի 3-ին կազմակերպությունը հայտարարել էր, որ վերսկսել է փորձարկումները` ռիսկի մասին արժանահավատ տվյալների բացակայության պատճառով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ