Գլխավոր էջ Գլխավոր Որքա՞ն հաճախ պետք է կերակրվի նորածինը

Որքա՞ն հաճախ պետք է կերակրվի նորածինը

1577
0

Նորածնի առողջ և արագ աճն ուղիղ համեմատական է գրագետ սնմանը: Սա հաշվի առնելով Շենգավիթ ԲԿ-ի Նորածնային վերակենդանացման բաժնի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանի հետ զրուցել ենք թե որքա՞ն հաճախ պետք է կերակրվի նորածինը: ՙԵրեխային պետք է կերակրել, ըստ նրա պահանջի՝ այնքան հաճախ և այնքան երկար, որքան նա ցանկանում է, լինի գիշեր, թե ցերեկ։ Երբեմն հարկ է լինում երեխային կերակրել 10-12 անգամ, երբեմն՝ 6-8»,-ասաց բժիշկն ու հավելեց. ՙՀարկ է ընդգծել, որ առաջին 6 ամիսների ընթացքում երեխային պետք է բացառապես կրծքով կերակրել։ Պետք չէ նրան լրացուցիչ որևէ բան տալ, ներառյալ ջուր, թեյ, հյութեր կամ այլ հեղուկներ, նույնիսկ շոգ եղանակին»: Ավելի մեծ տարիքում, Արթուր Ջանազյանի խոսքով, առողջ մանկիկը սահմանում է ուտելու իր անհատական ռիթմը, որը կարող է տատանվել 1-3 ժամ։ Հիշեք, որ մայրական կաթը շատ ավելի դյուրամարս է և կարող է դատարկվել մանկան ստամոքսից մեկ ժամվա ընթացքում: ՙՊետք չէ սպասել, մինչև երեխան լացով ուտել պահանջի։ Կան այլ անուղղակի նշաններ՝ քաղցած երեխաները ձեռքերը բերանն են տանում, թքարտադրություն են ունենում, բերանով և լեզվով ծծելու շարժումներ են անում, կարծես արդեն կերակրվում են»,-ասաց մասնագետն ու շեշտեց, որ ճիչը և լացը սնունդ պահանջելու վերջին հուսահատ ճիգերն են և երբեմն ավարտվում են կրծքից հրաժարումով՝ «խռովելով»: Զրուցակից նշեց, որ յուրաքանչյուր անգամ մանկանը պետք է կերակրել կրծքով 15-20 րոպեից ոչ պակաս, որպեսզի երեխան ստանա կրծքի առավել յուղոտ «հետին» կաթը և հագենա։ ՙԹույլ տվեք, որ երեխան ինքն ավարտի կերակրումը։ Երբեմն նա կուրծքը թողնում է, մի փոքր հանգստանում է և նորից կերակրում պահանջում։ Առաջարկեք նույն կուրծքը, իսկ եթե նա հրաժարվում է արդեն դատարկ կուրծքը ծծելուց, բայց բավարարված չի թվում, առաջարկեք մյուս կուրծքը»,-եզրափակեց Արթուր Ջանեզյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ