Գլխավոր էջ Uncategorized Սպիտակցիները դեմ են, որ իրենց ԲԿ-ն ծառայի կորոնավիրուսով վարակված անձանց ․ Հրապարակ

Սպիտակցիները դեմ են, որ իրենց ԲԿ-ն ծառայի կորոնավիրուսով վարակված անձանց ․ Հրապարակ

820
0

«Հրապարակը» գրում է․ «Հայաստանում օրեցօր կորոնավիրուսի դեպքերը գնալով ավելանում են․ ինչպես առողջապահության նախարարությունը եւ կառավարությունն են պնդում՝ բժշկական կենտրոններում այլեւս տեղեր չեն լինելու նոր վարակակիրների ընդունելու համար։ Հանրապետության մի քանի հիվանդանոցներ արդեն ծառայում են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց, շուտով այդպիսին է լինելու նաեւ Սպիտակի բժշկական կենտրոնը։

Մենք տեղեկացանք, որ Սպիտակի ԲԿ-ի աշխատակազմը դեմ է այդ որոշմանն, անգամ հնարավոր է բողոքի ակցիա անեն։ Նրանք մատնացույց են անում Վանաձորի ԲԿ-ն՝ ասելով, թե պայմաններն այնտեղ ավելի լավն են, եւ նպատակահարմար կլինի օգտագործել  հենց այդ բժշկական կենտրոնը։ Ի դեպ, մեզ նաեւ փոխանցեցին, որ Վանաձորի ԲԿ-ի տնօրենը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ընկերն է։

Փորձեցինք կապվել Սպիտակի ԲԿ-ի տնօրենի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանած անձն ասաց, որ տնօրենն այս պահին տեղում չէ։ Անդրադառնալով մեր տեղեկությանը՝ նշեց․ «Քննարկման փուլում է ԲԿ-ն վարակակիրներին տրամադրելու հարցը․․․ ոչ թե բժիշկներն  են դեմ արտահայտվել, այլ ժողովուրդն է դեմ՝ Սպիտակի բնակիչները։ Բժիշկները պատրաստ են ծառայել ժողովրդին»։

Զրուցեցինք նաեւ Վանաձորի ԲԿ-ի փոխտնօրեն Տիգրան Հազրոյանի հետ։ Նա նշում է, որ այդ որոշումը կայացրել է առողջապահության նախարարությունը, որը ենթակա է կատարման․ «Այդ որոշումը Սպիտակի ԲԿ-ի վերաբերյալ ընդունվել է նախարարության մակարդակով, որ իրենք պետք է դառնան կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց սպասարկող հիվանդանոց, դե հիմա մնացածը ես չեմ կարա ասեմ, թե ինչ են իրենք մատնացույց անում՝ ում եւ ինչ։ Դա մի քիչ ուրիշ հարցեր է, որը ես ոչ իրավասու եմ պատասխանելու, ոչ էլ կարող եմ պատասխանել։

Կա որոշում, այն  ընդունվում է կառավարության մակարդակով։ Նախարարությունը որոշել է, որ իրենց հիվանդանոցը դա պետք է սպասարկի․ ու մնում է, որ իրենք նախարարության որոշումը կատարեն, որովհետեւ վերջիվերջո առողջապահության նախարարությունն է որոշել եւ իրենք էլ ենթարկվում են ԱՆ-ին։ Եթե վաղը կորոշվի, որ մենք էլ պիտի սպասարկենք, ապա մենք էլ կսպասարկենք»։

Նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված 13325 մարդ, 211 մահ եւ 4099 ապաքինված»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ