Գլխավոր էջ Նորություններ Արսեն Թորոսյանը հասկացել է գլխին գալիքը և պլաններ փոխել. ինչ է տեղի...

Արսեն Թորոսյանը հասկացել է գլխին գալիքը և պլաններ փոխել. ինչ է տեղի ունեցել փակ նիստում

965
0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`հոկտեմբերի 11-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներով հանդիպում են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սայաթ-Նովա գրասենյակում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների` իմքայլականները խմբակցության անդամներին հրավիրել են Թորոսյանի հետ հանդիպմանը, որպեսզի քննարկեն նախարարի հեղինակած հակածխախոտային նախագիծը:

«Ժողովուրդ» օրաթերթին խմբակցության դռնփակ նիստից որոշ մանրամասներ հայտնի դարձան. մասնավորապես, որ 88 հոգուց բաղկացած խմբակցությունից ընդամենը մի քանի պատգամավոր են գնացել նախարարի հետ հանդիպելու, ինչը զարմացրել է նախարարին: Նա արձանագրել է, որ փաստորեն չծխելու կողմնակիցներն ավելի քիչ են, քան ծխելու սիրահարները: Բայց, ամեն դեպքում, նախարարն անհրաժեշտ է համարել շարադրել ասելիքը՝ ինչի համար է հանդիպման գնացել: Ներկայացրել է վիճակագրություն, աշխարհի փորձը, թե որ երկիրն ինչպես է պայքարել ծխելու դեմ եւ ինչ հաջողություններ է արձանագրել:

Ներկա փոքրաթիվ պատգամավորների մեծ մասն ընդունել է, որ ծխելը վատ բան է, բայց միաժամանակ հակադրվողներ են եղել,ու, կարելի է ասել, խմբակցության նիստը լարված մթնոլորտում է անցել, քանի որ այն սպասումները, որ իշխանական ֆրակցիայում հարթ քննարկում կլինի ծխախոտի օգտագործումը սահմանափակող նախագծի շուրջ, չեն իրականացել: Ներկա պատգամավորներն իրենց բարձրացրած հարցերով փորձել են Թորոսյանին հասկացնել, որ նախագիծը հեռանկարային չէ, քանի որ այն կարող է լուրջբացասական ազդեցություն թողնել տուրիզմի վրա:

Եւ քանի որնախագծին ընդդիմացողներ են եղել, նախարար Թորոսյանը վրդովվել է ու կեսկատակ նետել է. «Դե ծխեք, մեռեք, ի՞նչ ասեմ»:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արդեն ստացել է նախագիծն ու ուղարկել Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով: Այս ընտրությունը առնվազն տարակուսելի է, քանի որ ըստ ոլորտի առնչության` նախագիծը պետք է մակագրվեր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին: Մեր տեղեկությունների համաձայն` ԱԺ նախագահը, շատ լավ իմանալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի ոչ այնքան հարթ փոխհարաբերությունները, որոշել է այդ բախումներից խուսափելու համար նախագիծն ուղարկել այլ հանձնաժողով:

Իսկ ինչ վերաբերում է Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին, ապա, ըստ մեր տեղեկությունների, այս նախագիծն այդքան էլ «գրկաբաց» չի ընդունելու հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ում կարծիքով` այս նախագիծը մեծ վնասներ կարող է հասցնել տնտեսությանը: Բանն այն է, որ այն վայրերում, որտեղ մարդիկ ազատորեն ծխում են, արգելքներ դնելով, պետությունը մեծ վնասներ է կրելու, քանի որ սրճարաններ ու ռեստորաններ քիչ մարդիկ կգնան եւ հարկային մուտքերը կքչանան: Ի դեպ, այսպես են մտածում ՀՀ ՊԵԿ-ում, Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարություններում, ինչի համար, ըստ շրջանառվող տեղեկությունների, նախագիծը իմքայլականների կողմից դեռ քննադատության է արժանանալու:

Մեր տեղեկություններով` Ա. Թորոսյանը, տեղեկանալով, որ հնարավոր է նման տհաճ ու անհեռանկար իրավիճակում հայտնվի, որոշել է նախագիծը հիմա անցկացնել, բայց գործողության ժամկետ սահմանել 2022 թվականը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ փորձեց զրուցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, սակայն շատերն ասացին, որ կա՛մ ներկա չեն եղել նիստին, կա՛մ էլ խուսափում էին այս հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ