Գլխավոր էջ Նորություններ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ....

Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ

577
0

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ.

«Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո իմ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ բերման ենթարկված քաղաքացու հետ առանձնազրույցի, նրա իրավունքներին վերաբերող այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար:

Այս պահին կարող եմ ասել, որ բերման ենթարկելու պատճառ է քաղաքացու կողմից դիմակ կրելու Պարետի որոշման պարտադիր պահանջի չկատարումը: Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են:

Մասնավորապես, չնայած Ոստիկանության ծառայողների քանակական գերակշռությանը, ոստիկաններին ուղղված քաղաքացու հորդորներին առ այն, որ ենթարկվում է ոստիկանի պահանջին և կհետևի նրանց, Ոստիկանության ծառայողները շարունակել են անձի նկատմամբ ֆիզիկական ուժի և հետո նաև հատուկ միջոցի գործադրումը:

Օրենքն, իհարկե, Ոստիկանությանը վերապահում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու լիազորություն, սակայն դա պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ իրավիճակին համաչափ՝ նաև հաշվի առնելով այն ենթադրյալ իրավախախտումը, որի կապակցությամբ ֆիզիկական ուժը կամ հատուկ միջոցը գործադրվում է:

Իհարկե, ուժեղ Ոստիկանությունը կարևոր պայման է մարդու իրավունքների երաշխավորման համար, սակայն Ոստիկանության ծառայողների գործողությունները ցանկացած պարագայում չեն կարող ուղեկցվել նաև անձի արժանապատվությունը ոտնահարող գործողություններով: Իրավախախտում թույլ տված յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության, սակայն այդ կապակցությամբ պետական մարմնի գործողությունները պետք է լինեն համաչափ։

Ուստի, բոլոր հարցերը պետք է պարզվեն ստուգմամբ»,- գրել է Թաթոյանը՝ քաղաքացիներին հորդորելով անվերապահ պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ