Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանին դատի է տվել բժիշկ Դավիթ Գրիգորյանը. պահանջելու է մինչև 3...

Արսեն Թորոսյանին դատի է տվել բժիշկ Դավիթ Գրիգորյանը. պահանջելու է մինչև 3 մլն դրամ փոխհատուցում

1355
0

ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Դավիթ Գրիգորյանի հայցում նշվում է պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու, և փոխհատուցում վճարելու պահանջների մասին։

Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 15-ին:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգորյանը տնօրենի ժ/պ Գեւորգ Սիմոնյանից աշխատանքային պայմանագիրը խզելու մասին ծանուցում էր ստացել:

Ծանուցման փաստաթղթում Գրիգորյանին առաջարկվել էր բանվորի կամ տեխնիկի աշխատանք, քանի որ մասնագիտական պատրաստվածության որակավորմանը համապատասխան թափուր հաստիք չկա:

Թեմայի շուրջ իր ֆեյսբուքի էջում գրառում էր կատարել ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Նա մասնավորապես նշել էր.

«ՑԻՆԻԶՄ է, երբ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատորիայի բաժնի վարիչին և գիտությունների թեկնածուին, որպես այլընտրանքային աշխատանք, նորանշանակ տնօրենի ԺՊ-ն առաջարկում է ԲԱՆՎՈՐԻ հաստիք»:

Առողջապահության նախարարի պատասխանը չէր ուշացել, նա էլ իր հերթին էր գրառում կատարել, որի մեջ մասնավորապես ասվում է.

«Իսկ ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք լաբորատորիայի վարիչ լինելով՝ բուժհիմնարկի նախկին տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն՝ շուկայականից գրեթե 3 անգամ ավելի մատչելի գնով սենյակ վարձակալել հենց պետական բուժհիմնարկի լաբորատորիայի ներսում և բացել սեփական մասնավոր լաբորատորիա և զբաղվել ձեռնարկատիրությամբ: Իսկ ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք, երբ հայտնաբերվում է, որ քո լաբորատորիայում մարդկանց արյուն հետազոտելու հետ մեկտեղ շան արյուն է հետազոտվում: ՑԻՆԻԶՄ չէ՞ արդյոք մարդկանց հանիրավի մեղադրելը: Աշխատանքից ազատվելու ծանուցումն ուղարկվել է օրենքի տառին համապատասխան»:

Medmedia-ն կապ հաստատեց Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Գրիգորյանի հետ, ով նշեց, որ դատական հայցի պատճառ է հանդիսացել  Արսեն Թորոսյանի գրառումը  ի պատասխան Նարեկ Զեյնալյանի հայտարարությանը: Փաստաբան Գրիգորյանի խոսքով այդ նախարարի հրապարակման մեջ կա վիրավորանք և զրպարտություն:

«Նա ասել է՝ «իսկ ցինիզմ չէ՞ արդյոք», իսկ ցինիզմ ասելով՝ տրամաբանորեն հասկանում ենք, որ նա ցինիկ անձ է: Հետեւաբար այնտեղ 2 կետը վերաբերում է Դավիթ Գրիգորյանին: Դիմելով դատարան մենք պահանջելու ենք նաև դրամական փոխհատուցում: Օրենքը նախատեսում է մինչև 3 մլն դրամ, մենք նախատեսել ենք առավելագույն շեմը»,- ասաց փաստաբանը:

Առողջապահության նախարարության  մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման դատական հայցերը ճիշտ աշխատանքի արդյունքն են, փորձում են տարբեր տեղերից «խփել».

«Անձի վերաբերյալ ուզում եմ ասել, որ իր մասով, որևէ հանրային հայտարարություն նախարարը չի արել, ոչ  մի անուն չի տրվել»,- եզրափակեց մամուլի քարտուղարը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ