Գլխավոր էջ Նորություններ Չաշխատեցիր ամռանը, ասա՝ ինչն է պատճառը․ Հրապարակ

Չաշխատեցիր ամռանը, ասա՝ ինչն է պատճառը․ Հրապարակ

684
0

Որ ոլորտի վրա մատդ դնում ես՝ ավերակ է։ Երկու տարում երիտասարդ իշխանությունները հիմնահատակ քանդեցին կառավարման համակարգը, առողջապահությունը, կրթությունը, ավիացիան, տնտեսությունը․․․ Բոլոր համակարգերում կաթվածահար ու շփոթված վիճակ է։ Պարզապես՝ այդ վիճակը երեւում է էքստրեմալ պայմաններում։

Քաղավիացիայի ծանր վիճակը բացահայտվեց, երբ Եվրոպայի միության ավիացիոն անվտանգության գործակալությունն ուսումնասիրություններ սկսեց մեր ավիացիայի ոլորտում եւ հայկական ավիաընկերություններին զրկեց եվրոպական ուղղություններով չվերթներ կատարելուց։ Եթե նմանատիպ ստուգումներ իրականացվեին նաեւ մյուս ոլորտներում, հավատացեք՝ վիճակը նույնը կլիներ, իսկ գուցե՝ ավելի աղետալի։

Կրթական համակարգում նույնպես անմխիթար վիճակ է՝ 6 բուհ ռեկտոր չունի, պաշտոնակատարներ են ղեկավարում, չկա կրթական նոր ծրագրերի, գաղափարների մշակում, երիտասարդ կադրերի ներհոսք, եւ, առհասարակ՝ կրթական բարեփոխումների մասին խոսք անգամ չի գնում։ Իսկ կորոնավիրուսը, առհասարակ, ոչնչացրեց բնականոն կրթական գործընթացը, որը դեռ սովետական տարիներից փոխանցվել էր մեզ։

Առողջապահության համակարգի համար էլ կորոնավիրուս կոչվող փորձությունը դարձավ լակմուսի թուղթ, ցույց տվեց, որ այն դիմացկուն չէ, շատ որակյալ մասնագետներ չունի, կուռ չէ, միասնական չէ։ Շատերը դա վերագրում են Արսեն Թորոսյան նախարարին։

Ասում են, որ նա հետեւողականորեն քանդել է համակարգն այս 2 տարվա ընթացքում։ Բոլոր հնարավոր պաշտոններին դրել է իր մերձավորներին ու ընկերներին։ Չպատճառաբանված հիմքերով փակել ու միավորել է շատ հիմնարկներ։ Նեղացրել է լավ մասնագետներին։ Բժշկական կենտրոնների տնօրեններ է հանել աշխատանքից, նշանակումներ է արել, որոնք չեն արդարացրել իրենց։ Եվ հիմա բոլորս քաղում ենք այդ հեղափոխական բեսպրեդելի պտուղները։
Հիմա, երբ առողջապահության համակարգը կարիք ունի հմուտ ղեկավարման, փորձառու եւ նվիրված բժիշկների, նոր եւ խելացի բուժման սխեմաների, գիշեր-ցերեկ աշխատող բուժանձնակազմերի, երեւում է, թե ինչ ավերածություններ են գործադրվել այս տարիներին։ Դեռեւս 2-3 ամիս առաջ հարկավոր էր հավաքել-համախմբել հին, փորձառու մասնագետներին, հրավիրել նախկին նախարարներին, համաճարակաբաններին, խորհրդակցել նրանց հետ։ Մի կողմ թողնել մեծամտությունը, ամեն ինչ իմացողի կեցվածքը եւ օգտվել մարդկանց գիտելիքներից ու հմտություններից։ Սակայն երիտասարդ ղեկավարները կարծում են, որ նախկիններից սովորելու ոչինչ չունեն, ամենազոր են ու ամենագետ։ Հիմա, երբ հիվանդությունը կիլոմետրանոց քայլերով է առաջ գնում, մահերի քանակն աճում է, եւ վարակի մասշտաբները դառնում են անկառավարելի, նոր-նոր սկսել են մասնագետներին հավաքել եւ խորհրդակցել։ Բայց նրանց մեծ մասը հեռացել է, նեղված է, պատրաստ չէ համագործակցության։ Անգամ խոշոր բժշկական կենտրոնների ղեկավարների հետ Արսեն Թորոսյանը չունի գործընկերային հարաբերություններ, եւ քանի որ ինքն իր ձեռքում է կենտրոնացրել համաճարակի դեմ պայքարը, այդ բոլոր մարդիկ քաշվել են մի կողմ։ Մի մասը՝ չխանգարելու, մյուսները՝ նրա ձախողմամբ իրեն պատժված տեսնելու մտայնությամբ։

Կոռուպցիայի դեմ պայքարն իր առաջնահերթությունը հայտարարած իշխանությունները չհասկացան, որ դա շատ կարեւոր է, բայց այդ պայքարը չպետք է խանգարի երկրի բնականոն գործունեությանը։ Եթե դու պայքարում ես կոռուպցիոներների դեմ եւ ներդրողների աչքն այնպես ես վախեցնում, որ նրանք այլեւս երբեք Հայաստանում անգամ հազար դոլար չեն ներդնի, ուրեմն այդ պայքարը վնասում է երկրիդ։ Եթե կոռուպցիոներներին հեռացնելու անվան տակ հեռացնում ես հմուտ մասնագետներին եւ նրանց փոխարեն նշանակում անփորձ երիտասարդներին, որոնք վտանգում են հանրության կյանքը, եթե կոռումպացված ղեկավարներին հեռացնելիս վտարում ես նաեւ նրանց ողջ շրջապատը, որոնք գործն առաջ տանելու մեծ փորձ ունեին, եթե կառավարման համակարգում տարրական փաստաթուղթ կազմելու, հրաման գրելու, գրություններին պատասխանելու ունակ մարդ չի մնացել, ուրեմն դու ավերել ես ամեն ինչ՝ առանց դրա փոխարեն ինչ-որ բան կառուցելու։

Աղբյուր՝ hraparak.am 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ