Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՀԿ-ն՝ COVID-19-ի տարածման, բուժման և արևի, ճանճերի, պղպեղի, ասպիրինի, քլորի ու 5G...

ԱՀԿ-ն՝ COVID-19-ի տարածման, բուժման և արևի, ճանճերի, պղպեղի, ասպիրինի, քլորի ու 5G ցանցերի կապի մասին

3463
0

Որքան տարածվում է նոր կորոնավիրուս COVID-19-ը, որքան մեծանում է արդյունավետ բուժման ու կանխարգելիչ միջոցների հայտնագործման սպասումը, այնքան ավելի ու ավելի հետաքրքիր, տարօրինակ միջոցների, առասպելական զորությամբ բույսերի կամ թուրմերի մասին լուրեր են հայտնվում համացանցում: Խնդրից արագ ձերբազատվել տենչացողների, իր ընկերների հիացմունքին արժանանալ ձգտողների բանակն անմիջապես առնում է այդ լուրերն ու շտապում տարածել՝ շտապեցնելով տարածել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքն էլ պարբերաբար անդրադառնում է «ինքնատիպ» բաղադրատոմսերին ու «հրատապ» լուրերին:

Ներկայացնենք ԱՀԿ-ի մասնագետների պատասխաններից մի քանիսն այն հարցերին, որ տարածում են գտել նաեւ Հայաստանում:

COVID-19-ի բուժման կամ կանխարգելման համար հաստատված դեղ դեռ չկա. շարունակվում են փորձարկումներ մի շարք դեղամիջոցներով, սակայն որեւէ ապացույց չկա, որ հիդրօքսիքլորոքուինը կամ որեւէ այլ դեղամիջոց կարող են բուժել կամ կանխել COVID-19 վարակը: Հիդրօքսիքլորոքուինի ոչ պատշաճ օգտագործումը կարող է հանգեցնել կողմնակի լուրջ բարդությունների, առողջության լուրջ խնդիրների եւ որոշ դեպքերում՝ մահվան:

Ապուրի կամ այլ ուտեստների վրա պղպեղ ավելացնելը չի պաշտպանում կամ բուժում COVID-19-ը. սննդին կծու պղպեղը, իհարկե, տալիս է համային առավելություններ, բայց չի կանխում եւ չի բուժում COVID-19-ը: Նոր կորոնավիրուսային վարակից պաշտպանվելու համար սննդային առանձնահատուկ ցուցումներ չկան, միայն՝ հավասարակշռված սնունդ, բավարար քանակով հեղուկների ընդունում. չմոռանանք հավելել նաեւ, որ կանոնավոր վարժություններն ու առողջ քունը նպաստում են օրգանիզմի դիմադրողականության ամրացմանն ու վարակների նկատմամբ դիմակայունությանն առհասարակ:

Կենցաղային ճանճերը COVID-19-ի ՓՈԽԱԴՐԻՉՆԵՐ ՉԵՆ. ոչ մի ապացույց կամ տեղեկատվություն չկա, որը կվկայեր, թե տնային ճանճերը կարող են փոխանցել COVID-19-ի հարուցիչը: Կրկնենք, վիրուսը, որն առաջացնում է COVID-19, տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով. վարակիչ «մթնոլորտը» ձեւավորվում է այն ժամանակ, երբ հիվանդ մարդը հազում է, փռշտում կամ խոսում: Բացի այդ, վարակը հնարավոր է աղտոտված մակերեսների հետ շփման դեպքում, եթե անձը վարակն իր ձեռքով տանում է աչքերին, քթին կամ բերանին: Ուրեմն վարակից պաշտպանվելու համար ուղղակի պետք է իրականացնել մեզ շրջապատող մակերեսների կանոնավոր ախտահանում, իսկ ձեռքերն առանց լվանալու դեմքին չհպել:

Սպիտակեցնող կամ ախտահանող նյութերի գոլորշիներ շնչելը, խմելը, առավել եւս ներարկելը կամ մարմնի մեջ որեւէ այլ ձեւով «ուղարկելը» վարակից ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ եւ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է. թեպետ աշխարհի առաջատար երկրներից մեկի առաջնորդն էր նման միտք արտահայտել (ներերակային սրսկումով արյունը մաքրել վարակից), սակայն ողջ բժշկական հանրությունը եւ ԱՀԿ-ն շտապել են հերքել. ո՛չ, ո՛չ եւ ո՛չ. ո՛չ մի դեպքում չի կարելի շնչել սպիտակեցնող-ախտահանող նյութերի գոլորշիները, դրանք ներարկել չի կարելի: Այս նյութերը կարող են առաջացնել թունավորում, մաշկի եւ աչքերի լորձաթաղանթի գրգռում, մեծ վնաս առողջությանը: Սպիտակեցնող եւ ախտահանող միջոցները պետք է զգուշությամբ օգտագործվեն միայն տան, աշխատավայրի հատակի եւ այլ մակերեսների ախտահանման համար: Քլորի լուծույթները (սպիտակեցնող) եւ այլ ախտահանող նյութերը երեխաներից պետք է հեռու պահել:

5G բջջային ցանցերը COVID-19-ի տարածմանը ՉԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ. վարակը չի փոխանցվում ռադիոազդանշաններով կամ բջջային կապով: Այս համավարակը տարածվում է շատ երկրներում, որտեղ տեղակայված չեն 5G ցանցեր: Սա օդակաթիլային վարակ է, որ, հիվանդ մարդու հազալու, փռշտալու ժամանակ հայտնվելով օդում, փոխանցվում է առողջներին:

Արեւի ճառագայթները կամ 25-ից բարձր ջերմաստիճանը COVID-19-ի տարածումը չեն կանխարգելում. COVID-19-ով վարակվում են անկախ նրանից, թե եղանակը որքան արեւոտ է, կամ երկիրը՝ որքան տաք: Շոգ ու արեւոտ երկրներում եւս ակտիվորեն տարածվում է COVID-19-ը:

Աղբյուրը՝ armtimes.com

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ