Գլխավոր էջ Գլխավոր Գյումրիում կորոնավիրուսով 54 հիվանդ է բուժվում. այդ նպատակին կարող է ծառայեցվել ևս...

Գյումրիում կորոնավիրուսով 54 հիվանդ է բուժվում. այդ նպատակին կարող է ծառայեցվել ևս մեկ հիվանդանոց

2475
0

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն այս պահին Շիրակի մարզի համար շարունակում է մնալ կորոնավիրուսային հիվանդության բուժման միակ մասնագիտացված հիվանդանոցը: Այս պահին երկրորդ նման հիվանդանոցն ունենալու խնդիր չկա, իսկ անհրաժեշտության դեպքում որպես այդպիսին կարող է ծառայել նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքը; Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը: «Այս հնարավորության մասին առողջապահության նախարարությանը ներկայացվել է: Եկել, նայել են: Շենքը բավական լավ վիճակում է: Շատ քիչ գումար է պետք ծախսել ու, եթե կարիքը լինի, այն կարելի է օգտագործել, բայց այս պահին այդ հարցը չի քննարկվում, խնդիր չկա»,- նշեց Լեյլի Ասլանյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 54 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Ի դեպ, մայիսի 22-ին գրանցված առավելագույն 99 պացիենտի թվի նվազումը Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կապում է թեթև և անախտանիշ հիվանդների տնային հսկողության ուղարկելու որոշման հետ: «1-2 օրերի ընթացքում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում իրականացվեց դեպքերի, այսպես ասած, «տեսակավորում» և անախտանիշ ու թեթև դեպքերն ուղարկվեցին իրենց մարզեր՝ տնային հսկողության: Այս դեպքերը գնում են տվյալ մարզի առաջնային օղակի հսկողության տակ»,-նշեց պատասխանատուն:

Նշենք, որ մարզում հիվանդության դեպքերի գրանցման առաջին օրից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 241 պացիենտ, որոնցից 163-ը մարզի բնակիչ է։ 31 հիվանդ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 304 քաղաքացի։ Այս ընթացքում արձանագրվել է մահվան 7 դեպք։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1797 նմուշառում։

 

Շարունակությունը՝ armenpress.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ