Գլխավոր էջ Գլխավոր Եթե այս դինամիկան չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար, հունիսի 12-ին՝ 20...

Եթե այս դինամիկան չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար, հունիսի 12-ին՝ 20 հազար դեպք. Փաշինյան

818
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացումով դիմեց քաղաքացիներին: Վերջիններիս կոչ արեց ուշադրությունը սևեռել կորոնավիրուսի խնդրի վրա, որը, ըստ վարչապետի,  այսօրվա բնականոն կյանքի ու անվտանգությանը սպառնացող թիվ 1 խնդիրն է:

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մենք կրկնակի, եռակի, հնգակի, տասնակի լրջությամբ վերաբերվենք այս իրավիճակին և արձանագրենք, որ բոլոր սահմանափակումները գրեթե վերացված են, մեզնից յուրաքանչյուրը պետք է առանձնահատուկ քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերի այս իրավիճակը հաղթահարելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ եթե դինամիկան կտրուկ չփոխվի, կկանգնենք լուրջ խնդիրների առաջ, և մահերի թիվը ևս ավելի մեծ կլինի։

«Այդ դեպքում կորոնավիրուսից տասնյակ մարդիկ են մահանալու, կարող է նաև հարյուրավոր մարդիկ մահանան, ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք ուղղակի կրկին մտցնել հնարավոր ամենախիստ սահմանափակումները»,- նկատեց վարչապետը՝ ընդգծելով, որ եթե կորոնավիրուսի տարածման տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք կորոնավիրուսով վարակման 10 հազար, իսկ հունիսի 12-ին՝ 20 հազար դեպք:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խստորեն հետևել պարետատան ցուցումներին, այլապես կարգը խախտողները կտուգանվեն։ Նա նաև կոչ արեց տուրք չտալ այս ընթացքում տարածում գտնող սուտ լուրերին։

«Հիմա էլ՝ կորոնավիրուսը չկա, կառավարությունը կամ վարչապետը դիմակի գործ է անում կամ այլ պաշտոնյաները, հետո էլ ասում են՝ ինչո՞ւ չեք հերքում։ Ժողովո՛ւրդ ջան, այս ընթացքում ինչ ասես հերքեցինք՝ տան վրա 2 մլն դոլար են ծախսել, հերքեցինք, ռեկետ են անում, հերքեցինք, հողերը ծախեցին,  ոսկիները ծախեցին, թալանեցին, փայ մտան բոլորի հետ։ Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանի չափ»,- բարկացած տոնով ասաց Նիկոլ Փաշինյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ