Գլխավոր էջ Գլխավոր Էկզեմա՝ հիվանդություն, որն արտահայտվում է նյարդայնացնող քորով. ներկայացնում է մաշկաբանը

Էկզեմա՝ հիվանդություն, որն արտահայտվում է նյարդայնացնող քորով. ներկայացնում է մաշկաբանը

2369
0

Էկզեման մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որն ախտադարձային բնույթ ունի: Այս հիվանդության ժամանակ բորբոքային պրոցեսը մաշկի վերին շերտերում է կատարվում:

Հիվանդության մասին առավել ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար Medmedia-ն զրուցել է մաշկաբան-վեներոլոգ Իզաբելլա Ավետիսյանի հետ։

«Էկզեման (մաշկաբորբ) մաշկի յուրահատուկ էրիթեմատոզ-բշտիկային ախտահանում է, որն առաջանում է սուր կերպով, բայց հետագայում կարող է ընդունել քրոնիկական ընթացք՝ հաճախակի գրգռումների հակումով և ուղեկցվում է քորով»,- ասում է մաշկաբանը։

Էկզեմայի անցումը քրոնիկական ընթացք ստանում է աստիճանաբար և արտահայտվում է աճող ինֆիլտրացիայով։ Սկզբնական շրջանում մաշկաբորբը սուր է ունենում։

«Էկզեման ժառանգական գործոնով պայմանավորվախ չէ,  այն ձեռքբերովի է։ Մաշկաբորբի առաջացումը տարբեր պատճառներ կարող է ունենալ՝ արտաքին գործոններ, մեխանիկական գործոններ, ջերմային գործոններ, ինչպես նաև ներքին օրգանների հիվանդությունների դեպքում կարող է մաշկաբորբ առաջանալ»,- նշեց Իզաբելլա Ավետիսյանը՝ նշելով, որ էկզեմայի ախտանիշները տարբեր կարող են լինել՝ բշտիկներ, քոր, հանգուցիկներ և այլն։

Գոյություն ունեն էկզեմայի տարբեր տեսակներ՝ իսկական էկզեմա, պրոֆեսիոնալ էկզեմա, սնկային էկզեմա, մանրէային էկզեմա։

«Մաշկը քորելու դեպքում հնարավոր են  արյան կեղևիկների առաջացում, իսկ եթե զուգահեռ ինֆիլտրացիա է ընթանում, ապա դա կարող է հանգեցնել թարախային արտադրության։ Սա առավել շատ բնորոշ է մանրէային էկզեմային»,- ընդգծեց մաշկաբանը։

Վերջինս նշեց, որ էկզեմա կարող է լինել մարմնի ցանկացած հատվածում՝ բացառությամբ գլխի մազածածկույթի և դեմքի հատվածի։

«Երեխաների մոտ համեմատաբար էկզեմա առավել քիչ է հանդիպում, քան մեծահասկաների։ Դեռահասության շրջանում, 20-40 տարեկանում արդեն առավել շատ են հանդիպում էկզեմայի դեպքեր։ Էկզեման կարող է սրվել՝ կախված եղանակային պայմաններից, իհարկես յուրքանչյուր մարդու համար այս երևույթը առանձնահատուկ է։  Օրինակ, գարնանը, եթե մարդ ալերգիա ունի, ապա նրա մոտ ավելի հավանական է, որ էկզեման կսրանա»։

Իզաբելլա Ավետիսյանը նշեց, որ էկզեմայի բուժումը նույնպես կախված է մարդու օրգանիզմի առանձնահատկություններից։

«Կան դեպքեր, երբ էկզեման բուժվում է ընդմիշտ, իսկ դեպքեր կան, երբ էկզեման կրկնվում է։ Այլ կերպ ասախ, մենք կարող ենք բուժել էկզեման, սակայն արտաքին գրգռիչ հայտնվելու դեպքում, այն նորից կարող է հայտնվել»,- ասաց մաշկաբանը՝ հավելելով, որ կոնկրետ դեղամիջոց չկա, որ կբուժի մաշկաբորբը․ այդ հիվանդության բուժումը տեղի է ունենում  մի քանի եղանակների համադրությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ