Գլխավոր էջ Գլխավոր Կառավարությունը ուզում է, որ «լավ» լինի, բայց ստացվում է ինչպես միշտ

Կառավարությունը ուզում է, որ «լավ» լինի, բայց ստացվում է ինչպես միշտ

1278
0

Կառավարությունը երեկ որոշում կայացրեց ևս մեկ ամսով երկարացնել արտակարգ դրությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում  նշեց, որ միայն արտակարգ դրության գործիքն է թույլ տալիս անհրաժեշտության դեպքում կոնկրետ բնակավայր փակել, և պարետատունը կարող է գոյություն ունենալ միայն արտակարգ դրության պայմաններում:

Ստացվում է, որ արտակարգ դրության երկարացման  միակ պատճառը դա է, քանի որ մնացած սահմանափակումները վերանում են։ Հիշեցնենք, որ մայիսի 18-ից կսկսի գործել նաև հանրային տրանսպորտը՝ փոխարենը պարտադիր կլինի ամենուրեք դիմակ և ձեռնոց կրելը։

Այս որոշումը և մտցված նոր սահմանափակումները տարակուսանքի տեղիք են տվել հանրության շրջանում։

Կարելի է ասել, որ ոչ մի հիմք չկար արտակարգ դրությունը վերացնելու համար։ Մյուս կողմից՝ արտակարգ դրություն էլ առանձնապես չկա, քանի որ սահմանափակումներն են վերանում՝ բացվում են անգամ մանկապարտեզները, գործում է հանրային տրանսպորտը, վերաբացվում են առևտրի իրականացման վայրերը, մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես հանվում է։

Չնայած սահմանափակումների վերացմանը՝ պարետ Տիգրան Ավինյանը կոչ է անում  հեռավար ռեժիմով իրենց աշխատանքը կատարողներին շարունակել նույն ռեժիմով շարունակել աշխատանքը, որովհետև ըստ նրա՝  իրականում վարակը դեռևս առկա է և տարածվում է:

«Այնուամենայնիվ, եթե կա հնարավորություն աշխատանքը կազմակերպել հեռավար, կոչ ենք անում հենց այդպես անել»,-ասել է նա:

Տպավորություն է ստացվում, որ կառավարությունը ողջ պատասխանատվությունը գցում է հանրության ուսերին․ վերացնում են սահմանափակումները, բայց կոչ են անում ամեն դեպքում տանը մնալ։ Դա նույն է, որ երեխային կոնֆետ տան և կոչ անեն, որ ամեն դեպքում այն չուտի, քանի որ շաքարը վնասում է ատամները։

Նոր սահմանափակումների մեջ այլ հակասություններ ևս կան։ Ըստ պարետի նոր որոշման՝ տաքսիներում արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը, մինչդեռ հանրային տրանսպորտում այսպես, թե այնպես ուղևորները կողք կողքի են նստելու, իսկ հաշվի առնելով Հայաստանում հանրային տրանսպորտի միջոցները՝ նաև կողք կողքի են կանգնելու։  Իհարկե, ուղևորները լինելու են դիմակով և ձեռնոցով, բայց այս դեպքում էլ տրանսպորտում դիմակով լինելը կարող է ՀՀ հպարտ  քաղաքացիներին ավելի շուտ շնչահեղձ անել, քան կորոնավիրուսից առաջացած թոքաբորբը։

Պարետը սահմանել է  մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեվորափոխադրումներ իրականացնողների համար կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով անվտանգության կանոնները։ Բայց արդյո՞ք կպահպանվեն այդ կանոնները, ո՞վ պետք է վերահսկի կանոնների պահպանումը, դա արդեն ուրիշ հարց է։

Մեզ մնում է միայն հիշել,  որ կառավարությունն ինչ քայլեր և միջոցառումներ ձեռնարկել է կորոնավիրուսի կանխարգելման համար, ձախողվել են։ Այլ կերպ ասած՝ ուզում են, որ «լավ» լինի, բայց ստացվում է ինչպես միշտ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ