Գլխավոր էջ Նորություններ Վարդենիսում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի 111 դեպք. քաղաքապետը՝ քաղաքում տիրող վիճակի,...

Վարդենիսում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի 111 դեպք. քաղաքապետը՝ քաղաքում տիրող վիճակի, կանխարգելման աշխատանքների ու սահմանափակումների մասին

1940
0

Վարդենիս քաղաքում այսօր հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, նոր դեպքերի հաստատմամբ պայմանավորված 6 մարդ մեկուսացվել է: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը:

Մերքոնյանը նշեց, որ Վարդենիսում մինչ օրս գրանցվել է 111 դեպք. «Դեպքերի մեծ մասը փոխկապակցված է առաջնային հաստատված դեպքի հետ: Թեստավորվել է ոստիկանության 22 աշխատակից, քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ, նյարդահոգեբանական տուն ինտերնատի աշխատակիցներ, բայց նրանց բոլորի թեստերի պատասխանները բացասական են եղել: 2 հաստատված դեպք ունենք ԱԻՆ-ում»:

Նա նշեց, որ քաղաք մուտք ու ելքի սահմանափակումների ժամկետի երկարացումը պայմանավորված է նրանով, որ կանխեն վարակի տարածումը հարակից գյուղերում: «Չնայած դեպքերի նման քանակին, մենք վերահսկում ենք իրավիճակը, այս օրերին աշխատում ենք արտակարգ ռեժիմով, որպեսզի թույլ չտանք նոր դեպքեր ու օպերատիվ կերպով պարզենք հաստատված դեպքերի շփման շրջանակը»:

Անդրադառնալով քաղաքում տարվող աշխատանքներին, Մելքոնյանը նշեց, որ քաղաքի կենտրոնական փողոցները, բազմաբնակարան շենքերի մուտքերը պարբերաբար ախտահանվում են, աշխատանքներ են տարվում խանութների ու բոլոր այն հաստատությունների հետ, որոնց գործունեությունը թույլատրված է, որպեսզի պատշաճ կերպով իրականացնեն ախտահանման աշխատանքները:

Հիշեցնենք, որ Վարդենիսում կորոնավիրուսով հաստատված դեպքերից 2-ը եղել են մահվան ելքով: Պացիենտները եղել են 80-ից բարձր տարիքի, ունեցել են ուղեկցող մի շարք հիվանդություններ:

Հավելենք, որ մինչ այժմ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 117 դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ