Գլխավոր էջ Նորություններ Վերլուծաբանի կարծիքով կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում է կիսատ — պռատ

Վերլուծաբանի կարծիքով կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում է կիսատ — պռատ

468
0

Արտակարգ դրության պայմաններում աշխատանքի իրավունք ստացած ոլորտներին ու բիզնեսներին, կառավարության որոշմամբ, ավելացավ նաեւ տեքստիլ եւ հագուստի արտադրությունը։ Ու եթե հանքերի պարագայում, որոնք եւս աշխատում են, մոտավորապես պարզ էր, թե ինչու (բյուջեն լցվում է հիմնականում այդ ոլորտից, եւ հանքարդյունաբերությունը համեմատաբար դուրս է վարակի տարածման ռիսկերից, իսկ պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գները դեռ պահպանվում են), ապա անհասկանալի է, թե ինչու հենց տեքստիլն ու հագուստի արտադրությունը։ Վերլուծաբան Աղասի Ենոքյանի բացատրությունը պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանի համար փող աշխատելու հնարավորություն է ստեղծում, թեպետ վարակի երկրորդ աղբյուրը եղել է հենց «հայտնի արտադրամասը», որտեղ, ի դեպ, մեծ թվով մարդիկ են աշխատում։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով, կառավարության մոտեցման հետեւում հետեւյալն է՝ այսկերպ ուզում են սոցիալական խնդիր լուծել, որպեսզի հազարավոր մարդկանց փող չտան պետական բյուջեից։ «Նաեւ իրենք տեսել են տնտեսական ակտիվության մարտ ամսվա սոցիալական ցուցանիշները, մինչեւ ամսի 20-ը կհրապարակվի։ Փորձում են այդ խնդիրները լուծել՝ տնտեսական ակտիվության հարց լուծել, բայց, միաժամանակ, լրացուցիչ ռիսկեր են ստեղծում տնտեսության, ազգաբնակչության համար։ Այսինքն՝ եթե դու թույլ ես տալիս վերսկսել արտադրություն, դու պիտի լուծես կորոնավիրուսի հարցը, քանի որ այս իրավիճակի հիմնական պատճառը կորոնավիրուսն է»,- ասում է Սուրեն Պարսյանն ու հարցնում՝ արտադրությունն ի՞նչ պայմաններում է սկսվում, արդյոք հնարավո՞ր է անվտանգություն ապահովել։ Ամենախնդրահարույցն այն է, որ հանրային տրանսպորտը չի աշխատում, եւ Նիկոլ Փաշինյանը մարդկանց խորհուրդ է տալիս ըմբռնումով մոտենալ ու տաքսիով գնալ-գալ, կամ գործատուն պետք է ապահովի աշխատողների տեղաշարժը։ Տնտեսագետն ասում է՝ լավ է, որ հանրային տրանսպորտը կանգնած է, դա պետք էր անել դեռ վաղուց, այն պարզ պատճառով, որ հանրային տրանսպորտն ինքն իրենով վիրուսի բուն է։

Բայց նաեւ ակնհայտ է, որ գործատուները դժվարանալու են իրենց աշխատողների տեղաշարժն ապահովելու հարցում։ Պարսյանը հավելում է՝ ուղղակի կարանտինի գնալու դեպքում չպետք է վերսկսեինք որեւէ տնտեսական ակտիվություն։ «Մենք պետք է պատճառը վերացնենք, մենք չենք կարող պայքարել կորոնավիրուսի դեմ եւ միաժամանակ տնտեսական ակտիվություն խրախուսել, վարկեր տրամադրել, որ մարդիկ բիզնես սկսեն եւ այլն։ Մեր ողջ ռեսուրսը հիմա պետք է ուղղված լիներ 3 բանի՝ բուժում, ինքնամեկուսացում եւ մարդկանց պարենով ապահովում։ Որ մարդիկ մնան տանը։ Այս կառավարությունը փորձում է ամեն ինչ կիսատ-պռատ անել։ Ինքնամեկուսացումով դարձյալ կիսատ-պռատ քայլեր արեց, հիմա նույնն էլ փորձում է անել տնտեսական ակտիվության ուղղությամբ։ Ճիշտ մոտեցում չէ, երբ փորձում են քաղաքական խնդիր լուծել՝ հանրության դժգոհությունը մեղմել, քանի որ լուրջ դժգոհոթյուն կա, որ կարանտինի պայմաններում մարդիկ տանն են, բիզնեսները՝ կանգնած, եւ միաժամանակ այս կառավարությունը չի արդարացրել բիզնեսի ու բնակչության սպասելիքները՝ կառավարության աջակցության ծրագրերից։ Եվ փորձում են նման քայլերով իրավիճակը թեթեւացնել, բայց սա կարճաժամկետ լուծում է, որը կարող է բերել վիրուսի նոր ալիքի՝ հենց կառավարության քայլերից»,- ասում է տնտեսագետը։

Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում ու ամեն հնարավորություն օգտագործում է՝ խոսելով կառավարության հակաճգնաժամային 11 ծրագրերի մասին։ Վերջին անգամ ասաց, որ այդ բոլոր ծրագրերի ընդհանուր թիվը շուրջ 300 հազար մարդ է։ Նախքան այդ էլ հայտարարվել էր, որ 50 տոկոսով կփոխհատուցվի այն բաժանորդների կոմունալ ծախսերի 50 տոկոսը, որոնց փետրվար ամսվա գազի գումարը չի գերազանցել 10 հազար դրամը, իսկ էլեկտրաէներգիայի ամսական վարձը` 5 հազար դրամը: Այս խումբն էլ ընտրված է Նիկոլ Փաշինյանի սիրած գործիքով՝ պինցետով, որպեսզի հնարավորինս քիչ խմբեր ու անձինք ներառվեն, քանի որ շատ քիչ 4-5 հոգանոց միջին վիճակագրական ընտանիքներ կան, որոնք ձմռան վերջին ամսին 5 հազար դրամը չգերազանցող գումարի չափ հոսանք են վառում, եւ, մյուս կողմից էլ, ըստ Սուրեն Պարսյանի, 200 հազար բաժանորդ-ընտանիք կամ 600 հազար մարդ, շարունակական արտագաղթով, սեզոնային գործոնով եւ տարբեր պատճառներով, այս տարվա փետրվար ամսին բնական գազ եւ էլեկտրաէներգիա ընդհանրապես չեն սպառել։ Հետեւաբար, 200 հազար բաժանորդ-ընտանիք կամ 600 հազար մարդ ընդհանրապես չի օգտվելու կառավարության աջակցության ծրագրից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ