Գլխավոր էջ Գլխավոր Նախարարությանն ուղղված հարցերը մնում են անպատասխան. հայտարարություն

Նախարարությանն ուղղված հարցերը մնում են անպատասխան. հայտարարություն

2334
0

Ընդամենը 2 օր առաջ «Աբովյանի» ԲԿ-ից երկկողմանի թոքաբորբով հիվանդ էր տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ, ինչպես մամուլում շրջանառվեց  նրան չէին ընդունել: Այնուհետև հիվանդին տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ, որտեղ էլ ընդունարանում մահացել էր:

Ինչպես սահմանվել է, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցող ասուլիսներին լրագրողները կարող են հարցադրումներ անել ինչպես սրահում, այնպես էլ հնարավորություն ունեն նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:

Medmedia.am-ը նույնպես, հետևելով սահմանված ձևաչափին, ֆեյսբուքյան նամակի միջոցով վերոնշյալ դեպքի առթիվ հարց էր ուղղել Առողջապահության նախարարին: Հարցի բովանդակությունը հետևյալն էր. «Մահվան մեջ ո՞ր կառույցի աշխատանքն եք գնահատում թերի, Շտապ օգնությա՞ն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրո՞նի, թե՞ «Էրեբունի» բժշկական կենտրոնի»։  Հատկանշական է, որ մամուլի ասուլիսը կայացավ, սակայն հարցը նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի կողմից չհնչեցվեց:

Նկատենք, որ այս երևույթն ունեցել է իր նախադեպը:  Դեռևս ապրիլի 2-ին կայացած ասուլիսի ընթացքում ևս չի հնչեցվել մեր կողմից ուղարկված երեք հարցերից մեկը, որը վերբերում էր ապրիլի 6-ին Հայաստան բերվող կորոնավիրուսի ախտորոշման համար նախատեսված 60 հազար թեսթերին, հարցի ձևակերման մեջ  MedMedia-ն խնդրել էր տրամադրել տեղեկություն թե արդյոք կորոնավիրուսի ախտորոշման ինչպիսի՞   թեսթեր են լինելու դրանք` ռապիդ,  թե՞  ՊՇՌ, և թե որքա՞ն արժի դրանցից յուրաքանչյուրը:

Մեր թղթակիցը երկկողմանի թոքաբորբից մահացած պացիենտի դեպքի առթիվ փորձել է հավելյալ ճշտումներ անել նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանից, ով նախ ժամանակ է խնդրել հարցերին պատասխանելու համար, ապա աշխատանքային օրվա ավարտին հաղորդագրությամբ տեղեկացրել, որ տեղեկատվությունը բժշկական գաղտնիք է, հետևաբար չի կարող տրամադրել:  Հարկ ենք համարում շեշտել նաև, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մեր լրատվամիջոցի կողմից արված զանգերը մնացել են անպատասխան նաև ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի կողմից:

Փաստորեն պարզվում է, որ մամուլի ասուլիսների ընթացքում ևս հարցերի գրաքննություն է տեղի ունենում, և կամայական ընտրությամբ բաց է թողնվում այս կամ այն լրատվամիջոցի հարցը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ