Գլխավոր էջ Գլխավոր Կանանց հիգիենիկ պարագաների բացակայություն, կեղտոտ սպիտակեղեն, ժամկետանց դեղեր, խոնավ խցեր. մտահոգիչ վիճակ՝...

Կանանց հիգիենիկ պարագաների բացակայություն, կեղտոտ սպիտակեղեն, ժամկետանց դեղեր, խոնավ խցեր. մտահոգիչ վիճակ՝ ՁՊՎ-ներում. ՄԻՊ զեկույց

489
0

«3-ժամանոց» խցերում (Ձերբակալված անձանց պահման խցեր) օդափոխության և ջեռուցման համակարգի բացակայություն, հակասանիտարական վիճակ, կանանց հիգիենիկ պարագաների բացակայություն. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցում այսպիսի իրավիճակ է նկարագրված՝ կապված ձերբակալված անձանց պահելու վայրերի (ՁՊՎ) պայմանների հետ: Տեղեկացնենք՝ ՀՀ ՄԻՊ-ը Ազգային ժողով է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի գործունեության հաղորդումը և Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցը։ Տարեկան զեկույցում ներառված են հարցեր, որոնք վերաբերում են փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակին, առանձին անդրադարձ է կատարվել զինծառայողների, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, քրեական արդարադատության համակարգում մարդու իրավունքների պաշտպանությանը, հանրային նշանակության գործերին, սոցիալ-տնտեսական իրավունքներին, գործարարության պաշտպանությանը և այլն։ Օրինակ՝ Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցում առանձին գլխով անդրադարձ է կատարվում ՀՀ ոստիկանության բաժինների և ձերբակալված անձանց պահելու վայրերի (ՁՊՎ) պայմանների, բժշկական օգնության տրամադրման, անձանց հետ հաղորդակցման խնդիրներին:
2019-ի ընթացքում ՄԻՊ աշխատակազմի կողմից ՁՊՎ-ներում իրականացված մշտադիտարկման աշխատանքներով՝ արձանագրվել են մի շարք խնդիրներ օրինակ ՝ խցերի պայմաններին առնչվող:  Զեկույցում այս առիթով նշված է. «Վայքի ոստիկանության բաժնի «3-ժամանոց» խցերում օդափոխության և ջեռուցման համակարգ առկա չի եղել, իսկ խցերի դռները փակված են եղել ապակիով: Որոշ ՁՊՎ-ներում առկա է եղել խոնավության բարձր աստիճան։ Այցի պահին Գորիսի ՁՊՎ-ի միջանցքում հակասանիտարական վիճակ է եղել՝ խցերի դռների դիմաց արևածաղկի սերմերի կեղևների կուտակումներով: Ողջունելի է, որ Սիսիանի ՁՊՎ-ի խցերում աղբամաններից զատ առկա են եղել նաև ավելներ և գոգաթիակներ: Դիտարկված ՁՊՎ-ների խցերում (օրինակ՝ Թալինի, Եղեգնաձորի ՁՊՎ-ներ) բնական լուսավորությունը բավարար չի եղել»: Արձանագրվել են մի շարք խնդիրներ նաև սանիտարահիգիենիկ պայմանների հետ կապված: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ՁՊՎ-ներում կանացի հիգիենիկ պարագաներ նախատեսված չեն՝ բացառությամբ՝ Գորիսի և Երևանի ՁՊՎ-ների: Սա պաշտպանի զեկույցում բնութագրվում է ինքնին վատ վերաբերմունք: Այնուհետև թվարկվում են մի շարք այլ խնդիրներ տարբեր ՁՊՎ-ներում տիրող իրավիճակի հետ կապված. «ՁՊՎ-ներում սանհանգույցն ու լոգարանը առանձնացված չեն: Արթիկի ՁՊՎ-ի խցերում այցի պահին առկա են եղել հնամաշ անկողնային պարագաներ, մասնավորապես՝ բարձեր: Մեղրիի ՁՊՎ-ի բժշկական զննության սենյակում արձանագրվել է պոլիէթիլենային տոպրակով կեղտոտ սպիտակեղեն, ինչպես նաև մաքուր սպիտակեղենի հավաքածու: Եղեգնաձորի ՁՊՎ-ում այցի պահին բացակայել է մաքուր սպիտակեղենը, սպիտակեղենի մի քանի օգտագործված և կեղտոտ հավաքածու պահվել է բժշկական զննության սենյակում՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ: ՁՊՎ-ի խցերում, որպես կանոն, առկա չեն լինում անձնական հիգիենայի այլ պարագաներ, բացի օճառից և զուգարանի թղթից, օրինակ՝ ատամի խոզանակ և մածուկ: ՁՊՎ սանհանգույցներից շատերը համապատասխանեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին»: Այս առիթով զեկույցում կա մտահոգություն. «Նման վիճակն անընդունելի է: ՁՊՎ-ներում սանիտարահիգիենիկ անբավարար վիճակում անկողնային պարագաների առկայությունը կարող է նպաստել վարակիչ տարբեր հիվանդությունների տարածմանը»: Խնդիրներ են արձանագրվել նաև բժշկական օգնության տրամադրման հարցում: Օրինակ՝ ՁՊՎ-ներում ժամկետանց դեղորայք է հայտնաբերվել  կամ դեղապահարանում չեն եղել այն դեղերը, որոնք ըստ կարգի՝ պետք է լինեին: Կամ օրինակ՝ ոստիկանության ծառայողները, ըստ անհրաժեշտության տրամադրել են դեղորայքներ, որոնք նշանակված չեն եղել բժշկի կողմից, սակայն առկա են եղել ՁՊՎ-ի դեղապահարանում: ՄԻՊ տարեկան զեկույցում արձանագրված է մի խնդրահարույց դեպք. «2019 թվականի հունվարի 13-ին ՁՊՎ է ընդունվել իգական սեռի` ազատությունից զրկված անձ, որը ՁՊՎ աշխատակիցների տրամադրած տեղեկությունների համաձայն՝ եղել է հղի և ՁՊՎ-ից ազատ արձակվելուց օրեր անց ծննդաբերել է: Չնայած նշվածին՝ ՁՊՎ ընդունվելու օրն ակնհայտ հղի կինը բժշկական զննության չի ենթարկվել: Միայն հունվարի 15-ին որովայնի շրջանի ցավերի կապակցությամբ ՁՊՎ է հրավիրվել շտապ բժշկական օգնության ծառայություն, որը կնոջ մոտ արձանագրել է հիպերտենզիա»: ՁՊՎ-ներում հերթապահություն իրականացնող աշխատակիցների, ոստիկանների աշխատանքային պայմաններին առնչվող խնդիրներ ևս կան:  Օրինակ՝ նրանք չունեն հանգստի սենյակներ, առանձին սանհանգույց, կամ օրինակ՝ որոշ տեղերում հերթապահ ոստիկանը ստիպված է նստել միջանցքում և այլն:

Աղբյուրը՝ aravot.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ