Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանը պատվաստանյութերի հարցով ներգրավված է մեքենայությունների մեջ. Գրիգոր Գրիգորյան

Արսեն Թորոսյանը պատվաստանյութերի հարցով ներգրավված է մեքենայությունների մեջ. Գրիգոր Գրիգորյան

1337
0

Պատվաստանյութերից մի քանիսը, մասնավորապես պոլիոմելիտը, Հայաստանում փորձում են ժամանակից վաղ պատվաստել երեխաներին: Այս մասին  բարձրաձայնում է «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը:

Պոլիոմելիտի լրացուցիչ պատվաստումներն իրականացվում են հիմք ընդունելով առողջապահության նախարարի  ընդունած 1231 Ա հրամանը: Ըստ նախարարության մեկնաբանության լրացուցիչ պատճառ է հանդիսանում Հայաստանում պոլիոմելիտի դեմ պատվաստման ծածկութային ցուցանիշի նվազումը, ինչպես նաև Իրանում հայտնաբերված վայրի պոլիոմելիտի վիրուսը:

Ավելի վաղ մամուլի ասուլիսում Գրիգոր Գրիգորյանը հայտարարել էր, որ Իրանում հայտնաբերված վայրի պոլիոմելիտի վիրուսը  հայտնաբերվել է կոյուղու ջրերում:

« Այն տարածքը, որտեղ հայտնաբեվել է վիրուսը, Հայաստանի սահմանից  գտնվում է երկու հազար և ավելի կիլոմետր հեռու: Մենք այդտեղ հայկական համայնք չունենք այնտեղ մեր զբոսաշրջիկները չեն գնում, այսինքն  շարժ չկա:  Բացի դրանից Համաշխարհային  առողջապահության կազմակերպությունը արդեն պաշտոնապես հայտարարել  և իր կայքում տեղադրել է, որ  վիրուսի միջազգային տարածման մակարդակը շատ ցածր է»,- ասել է նա:

Չորսամյա երեխայի մայր, ազատ լրագրող Ամալյա Պապյանը նույնպես իր մտահոգությունն է հայտնում այս թեմայի շուրջ՝ նշելով, որ իրեն դիմել են պոլիկլինիկայից՝ տեղեկացնելով՝ իր երեխան պետք է պատվաստում ստանա «Պոլիոմելիտ» հիվանդության դեմ:

Փորձելով  պարզել՝ որքանով են իրավաչափ և օրինական կրկնակի պատվաստում իրականացնելու հիմքերը, նա մի քանի հարցումներ է ուղարկել Առողջապահության նախարարություն, որոնց պատասխանները, իր խոսքով, էլ ավելի են խորացրել իր մտահոգությունները, քանի որ նախարարությունը  ոչ մի հիմնավոր պատճառ չի ներկայացրել:

Նրա պնդմամբ Առողջապահության նախարարությունը որոշել է «Պոլիոմելիտ» հիվանդության դեմ կրկնակի պատվաստում իրականացնել՝ հիմք ընդունելով «ProMEDmail» կայքում զետեղված տեղեկատվությունը:

«Այդ կայքում զետեղված տեղեկատվությունը չի կարող դիտվել որպես առողջապահության ոլորտում պետական քաղաքականությունը փոխելու հիմք: Այն հարթակ է, որտեղ տեղադրվում են կարծիքներ, տեսակետներ, որոնք ուսումնասիրության կարիք ունեն»,- նշում է Ամալյա Պապյանը:

Գրիգոր Գրիգորյանն ու Ամալյա Պապյանը ուսումնասիրելով պոլիոմելիտի վերացման համաշխարհային պլանը պարզել են, որ 2012 թվականին մշակվել է պլան, ըստ որի, երեք վալենտ կաթիլային պատվաստանյութից Հայաստանն  անցնում է  երկվալենտի:  Medmedia-ի հետ զրույցում Գրիգոր Գրիգորյանը նշեց.

« Ըստ այդ պլանի 2019-ից մինչև 2020 թվականը արդեն վերջնականապես բոլոր երկրները պետք է անցնեն սրսկումներով պոլիոմելիտի: Իսկ, քանի որ Հայաստանը ետ է ընկել այս օրացույցից, մենք ենթադրում ենք, որ արհեստական երկու տարի շուտ պատվաստումը, որը արվել է կրկնակի, ընդհամենը նպատակ է հետապնդել տեղավորվելու վերջնաժամկետի մեջ, որպեսզի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը ասի, որ մենք համապատասխանում ենք համաշխարահային օրացույցին և մենք արեցինք դա՝ առանց հաշվի առնելու, թե ինչ ազդեցություն կարող է լինել երեխաների օրգանիզմի վրա:Արսեն Թորոսյանը պատվաստանյութերի հարցով ներգրավված է մեքենայությունների մեջ, քանի որ պատվաստանյութի QR կոդը չի աշխատում: Մամուլում եղավ հրապարակում, որ այդ որոշումն արձակելուց հետո, վերջինս Գավիի հիմնադրամում պաշտոն է ստացել»:

Ամալյա Պապյանի կողմից հավաքագրված փաստերը այս դեպքի առթիվ ստուգվել և տեղադրվել են fip.am կայքում, որից հետո Առողջապահության նախարարությունը  պարզաբանում է տարածել: Հաջորդիվ կայքը տարածել  է հերքում:

Medmedia.am-ի հետ զրույցում լրագրողը նշում է, որ կետ առ կետ ուսումնասիրել և փաստերով հերքել է նախարարության տարածած պարզաբանումը և կրկին ուղարկել կայքի խմբագրություն:

«Նախարարությունը որևէ կապ չի հաստատել ինձ հետ՝ որպես նյութի հեղինակ: Փոխարենը նախընտրեցին իմ կատարած աշխատանքը որակավորել ապատեղեկատվություն:  Իմ պատասխանը նախարարության կողմից տարածված հերքմանը չհրապարակվեց, փոխարենը կայքը ներողություն խնդրեց ապատեղեկատվություն տարածելու համար, պիտի նշեմ, որ դա իրենց որակավորմամբ, այն ապատեղեկատվությունն է, որի ճշտությունը հենց իրենք են ստուգել»:

Ըստ  իմունոլոգ Սևան Իրիցյանի ՝ չորս տարեկան երեխային պոլեմելիտի դեմ պատվաստելը ոչ մի արտառոց հետևանք չի կարող թողնել, նույնիսկ եթե ըստ պատվաստման պլանի հաջորդ պատվաստումը նախատեսված է 6 տարեկանում:

Medmedia-ն փորձեց կապ հաստատել նաև ԱՆ իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ՝ ճշտելու համար արդյոք  Հայաստանում պոլիոմելիտի տարածման վտանգ կա, սակայն նրա բջջային համարն անհասանելի էր:

Թեև պոլիկլինիկաներում պոլիոմելիտի կրկնակի պատվաստումներ են իրականացվում, այնուամենայնիվ դեռևս չկա ոչ մի հիմնավոր հետազոտություն կամ ապացույց այն մասին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ երեխայի առողջության վրա պատվաստումային պլանի օրացույցային խախտումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ