Գլխավոր էջ Գլխավոր Պետությունը 80 մլն դրամ կհատկացնի․ արյան ծառայությունը պետք է մշտապես պատրաստ լինի

Պետությունը 80 մլն դրամ կհատկացնի․ արյան ծառայությունը պետք է մշտապես պատրաստ լինի

300
0

«Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերու­թյան  կանոնադրական կապիտալն կավելացվի 80,000,000.0 (ութսուն միլիոն) դրամով, այս մասին որոշումը կայացվել է ՀՀ կառավարության հերթական նիստում:

Նախագծի հիմնավորմամբ նշվում է, որ նախագծի ընդունմամբ ապահովվելու է արյան և դրա բաղադրամասերի անհրաժեշտ քանակների պատշաճ պահեստավորումը, հավաքագրվող արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը, դրանց ռացիոնալ օգտագործումը և խոտանի նվազեցումը:

Ընկերությունը կազմավորվել է 1947 թվականի մարտի 17-ին՝ Խորհրդային Հայաստանի Նախարարների Խորհրդի հատուկ որոշմամբ, որը տարիներ շարունակ ընդլայնել է կլինիկական գործունեությունը, սակայն արյան և դրա բաղադրամասերի հավաքագրման և պահեստավորման առումով գրեթե մնացել է նույն վիճակում:

Մինչդեռ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, ինչպես նաև տարածաշրջանի ռազմաքաղաքական վիճակը, որը լի է տարբեր տեսակի արտակարգ իրավիճակներով և ռազմական ագրեսիայի սպառնալիքով՝ արյան ծառայությունը պետք է մշտապես պատրաստ լինի արագ արձագանքման և ըստ կարիքի արյան և դրա բաղադրամասերի պահանջվող քանակների ապահովման, նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության կողմից դեռևս 2018 թվականին իրականացված ուսումնասիրությունները (ուսումնասիրվել են արյան հավաքման, հետազոտման, մշակման և պահպանման վիճակը, կադրային և սարքավորումներով  հագեցվածության մակարդակը, ինչպես նաև բոլոր այն գործոնները, որոնք պոտենցիալ ռիսկեր են առաջացրել արյան և դրա բաղադրամասերի բավարար ու պատշաճ որակի պաշար ունենալու համար) ցույց են տվել, որ արյան հավաքումն իրականացնող մարզային ենթակառուցվածքները գտնվում են շատ վատ վիճակում, մասնավորապես դրանց բացարձակ մեծամասնությունը չի համապատասխանում սահմանված նորմերին ինչպես շենքային, այնպես էլ սարքավորումային և սանիտարական նորմերի պահպանման տեսանկյունից:

Վերոնշյալ խնդրի լուծման նպատակով արյան ծառայության մարզային ստորաբաժանումները` «Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի Արմավիրի արյան փոխներարկման կայան», «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերություններ Կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 614-Ա որոշմամբ նախատեսված է միացնել Ընկերությանը՝ հետագա զարգացման հեռանկարով։

Սակայն ներկա պահին Ընկերության շենքային պայմանները հնարավորություն չեն տալիս իրականացնել արյան և դրա բաղադրամասերի պահանջվող քանակների պահեստավորում ու որակյալ պահպանում։

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, որն իր գործունեությունն Հայաստանում սկսել է 1993 թվականից, պատրաստակամություն է հայտնել շուրջ 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով աջակցել արյան ծառայության արդիականացմանը։

Ընկերության կողմից իրականացվել է Երևանում արյան բանկի համար նոր մասնաշենքի կառուցման նախագծի մշակում, որի նախահաշիվը կազմել է 668,101.4 հազ. դրամ։ Իրականացված մրցույթի ընթացքում հաղթող է ճանաչվել «Շին» ՍՊ ընկերությունը, որը ներկայացրել է 554,000.0 հազ. դրամ գնային առաջարկ։

Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունում արյան ծառայության համար ստեղծել ժամանակակից պայմաններին համապատասխան արյան բանկ, ինչն իր հերթին հնարավորություն կտա վերահսկողություն սահմանել արյան հավաքագրման գործընթացի նկատմամբ, ապահովել հավաքագրված արյան և դրա բաղադրամասերի պատշաճ պահպանումը և ռացիոնալ օգտագործումը:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ