Գլխավոր էջ Գլխավոր ՕՐ 11-ՐԴ․ «Խաղաղության պայմանագրի» և հումանիտար աղետի կիզակետում

ՕՐ 11-ՐԴ․ «Խաղաղության պայմանագրի» և հումանիտար աղետի կիզակետում

337
0

Արդեն 10 օրից ավել է, ինչ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված է, այս ամենի հետևանքով մարդիկ կանգնած են հումանիտար աղետի առջև։
Շրջափակման առաջին իսկ օրվանից Ստեփանակերտից դեպի Երևան ծանր հիվանդների տեղափոխումը դարձավ անհնար, ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Արևիկ» բուժմիավորումում 13 երեխա գտնվում է ռեանիմացիոն և նորածնային բաժանմունքներում: Նրանցից 4 ամսեկան փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Վիսցերալ լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ:

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել, որում դիմել է տարբեր կառույցների խնդրին արձագանքելու համար․

«2022թ. դեկտեմբերի 12-ին՝ կեղծ բնապահպանական պատրվակով, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար աղետի վերածվելու և փխրուն խաղաղությունը խաթարելու ու տարածաշրջանային նոր ապակայունացման միտում ունի:
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը երախտագիտություն է հայտնում խնդրով մտահոգ երկրներին, միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԻԵԴ-ին՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակին արձագանքելու համար»,-նշված է հայտարարության մեջ:
Հայտարարությամբ, Արցախի ԱԺ-ն խնդրում է մոնիտորինգային խումբ գործուղել Արցախի Հանրապետություն և հարակից տարածքներ, տեղում որոշելու և գնահատելու առկա խնդիրները:
Նշենք նաև, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այդ ինստիտուտը պետք է կարողանա ապահովի պայմանագրի իրականացումը, բացի դրանից՝ մենք նաև առաջարկել ենք, որ մեխանիզմ ստեղծվի հնարավոր միջազգային դատարան դիմելու, եթե առաջանում է ճգնաժամ ու հնարավոր չէ լուծել այդ ճգնաժամը», — նշել է նա։

Հիշեցնենք՝ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները։ «Պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը։ Հույս ունեմ՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի», — հավելել է վարչապետը։

Ս․Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ