Գլխավոր էջ Նորություններ Հաստատվել է հակամարմինների օգնությամբ ոսկրածուծի քաղցկեղի բուժման արդյունավետությունը

Հաստատվել է հակամարմինների օգնությամբ ոսկրածուծի քաղցկեղի բուժման արդյունավետությունը

152
0

Ամերիկացի գիտնականները մշակել են նոր թերապիա, որը ստիպում է իմունային համակարգին սպանել ոսկրածուծի քաղցկեղի բջիջները։ Իկան-Մաունթ-Սինայի բժշկական դպրոցի հետազոտողների կողմից իրականացված կլինիկական փորձարկումները հաստատել են, որ բուժման մեթոդն արդյունավետ է եղել պացիենտների 73 տոկոսի մոտ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում, դրանց մասին կարճ պատմել է MedicalXpress-ի մամուլի տեղեկագիրը։ Թալքեթամաբ թերապեւտիկ միջոցն իրենից ներկայացնում է բիսպեցիֆիկ հակամարմիններ, որոնք կարող են կապվել երկու տարբեր մոլեկուլների՝ իմունային T-բջիջների ռեցեպտորների եւ բազմակի միելոմայի (ոսկրածուծի քաղցկեղի տեսակ) բջիջների GPRC5D ռեցեպտորների հետ:

Դեղամիջոցի արդյունավետությունը ցուցադրվել է նույնիսկ այն պացիենտների մոտ, որոնց հիվանդությունը կայուն է եղել բազմակի միելոմայի բուժման բոլոր հաստատված մեթոդների հանդեպ: 1-ին փուլի կլինիկական փորձարկումներին, որոնք կատարվել են 2018 թվականի հունվարից մինչեւ 2021 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, մասնակցել են 232 պացիենտներ ամբողջ աշխարհում քաղցկեղի բազմաթիվ կենտրոններից:

1-ին փուլի ուսումնասիրության արդյունավետության եւ անվտանգության տվյալները հաստատվել են 2-րդ փուլի հետազոտության մեջ, որում ներառվել են 143 պացիենտներ, որոնք շաբաթական դոզա են ստացել, եւ 145 պացիենտներ, որոնք երկու շաբաթը մեկ ավելի բարձր դոզա են ստացել: Ավելի քան 30 տոկոսի մոտ քաղցկեղն ամբողջությամբ անհետացել է, իսկ գրեթե 60 տոկոսի մոտ գրանցվել է չարորակ հյուսվածքների զգալի նվազում։ Կողմնակի ազդեցությունները համեմատաբար հաճախակի են եղել, բայց հիմնականում՝ թույլ արտահայտված:

Հետազոտողները նշել են, որ շատ քիչ պացիենտներ են (5-6 տոկոս) դադարեցրել թալքեթամաբով բուժումը կողմնակի ազդեցությունների պատճառով: 1-ին եւ 2-րդ փուլերի կլինիկական փորձարկումների բոլոր մասնակիցները նախկինում բուժվել են թերապիայի առնվազն երեք տարբեր տեսակներով՝ առանց երկարաժամկետ ռեմիսիայի հասնելու, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ թալքեթամաբը կարող է նոր հույս տալ անբուժելի բազմակի միելոմայով պացիենտներին։

Աղբյուրը՝ med.news.am։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ