Գլխավոր էջ Նորություններ Լավ կլիներ, որ պոլիէթիլենային տոպրակները թանկանային

Լավ կլիներ, որ պոլիէթիլենային տոպրակները թանկանային

398
0

Ըստ՝ 2022թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի արգելվում է պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ Անցած տարվա ապրիլին, Ազգային ժողովը փոփոխություն կատարեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում։
Համաձայն փոփոխության՝ 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։
Այն տնտեսվարողները, որոնք 2022 թ․ հունվարի 1-ից կշարունակեն մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով։
Օրենքը ընդունվել է բնապահպանական խնդիրներից խուսափելու համար, սակայն բնապահպաններից շատերի կարծիքով պոլիէթիլենային տոպրակը խանութում վաճառվում է 50-ից 60 դրամ, որը գնել կարող է գրեթե յուրաքանչյուր քաղաքացի, ուստի օրենքը կարծես նպատակին չի ծառայում։
Բնապահպան Սիլվա Ադամյանը հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել է, որ իրենք առաջարկել են, որպեսզի պոլիէթիլենային տոպրակների գինը բարձրացնեն, այս պարագայում մարդիկ կարող են վճարել մի փոքր ավել ու գնել բազմակի օգտագործման կտորե տոպրակներ։
Բնապահպանները նաև նկատում են, որ կարծես միայն սուպերմարկետներն են հետևում օրենքին,իսկ ավելի փոքր խանութներում արգելված տոպրակները, որոնք վնաս են բնությանը, ակտիվորեն մատուցվում են։
ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊԼԱՍՏԻԿԵ ՏՈՊՐԱԿՆԵՐԸ։
Աշխարհում ըստ միջին հաշվարկի, ամեն տարի արտադրվում է 4-5 տրիլիոն պլաստիկե տոպրակ: Պլաստիկե տոպրակի կյանքի միջին տևողությունը 20 րոպե է, մինչդեռ դրա քայքայման համար պահանջվում է 100-200 տարի: Առաջին անգամ 20-րդ դարի 50-60-ականներին ԱՄՆ-ում օգտագործված պլաստիկե տոպրակներն այսօր սպառնում են աշխարհի մասշտաբով բնապահպանական աղետի պատճառ դառնալ:
Տարեկան համաշխարհային օվկիանոս է լցվում 6 մլն 300 հազար տոննա աղբ, որի զգալի մասը պլաստիկե տոպրակներն ու շշերն են: Կենդանիները, սխալմամբ այն սնունդ համարելով, ուտում են: Դրա հետևանքով ամեն տարի սատկում է 1 մլն թռչուն, 100 հազար ծովային կաթնասուն և հազարավոր ձկնատեսակներ:
Հատկապես վտանգավոր են թեթև պլաստիկե տոպրակները, որոնք թեթև քաշի պատճառով ձեռնտու չէ հավաքել և վերամշակման հանձնել և դրանք մնում են բնության մեջ:
Բնապահպանները նշում են, որ աշխարհի բազմաթիվ երկրներ, գիտակցելով վտանգը, փորձում են այլընտրանքային միջոցներ կիրառել պլաստիկե տոպրակների փոխարեն: Շատ երկրներ, այդ թվում և Ֆրանսիան, Բանգլադեշը, Տանզանիան ու Մոզամբիկը արգելել են դրանց արտադրությունը և ներմուծումը:
Ըստ բնապահպանների՝ պոլիէթիլենային տոպրակներն առաջացնում են նյարդային հիվանդություններ, երիկամների աշխատանքի, հորմոնների խախտումներ, նաեւ քաղցկեղածին են:
Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ