Գլխավոր էջ Օրվա թեման Կյանք արժեցող ծրագիր, որը հասանելի է ոչ բոլորին

Կյանք արժեցող ծրագիր, որը հասանելի է ոչ բոլորին

301
0

Աշխարհում յուրաքանչյուր երկրորդ մահը սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով է․ սա ԱՀԿ տվյալներն են: Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների ցուցանիշը կազմում է շուրջ 81.5 տոկոս, որի մեծ բաժինն ընկնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահացությանը՝ շուրջ 48 տոկոս: Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ հիվանդանոցային բուժօգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը: Տվյալները 2021 թվականին են:

Հայաստանում կան բուժծառայություններ, որոնք միջին աշխատավարձով ապրող քաղաքացու գրպանին լուրջ հարված են, գաղտնիք չէ, որ շատերը այս կամ այն վիրահատության համար դիմում են վարկային կազմակերպությունների օգնությանը։

Օրինակ՝ կան ծառայություններ, որոնք միջին աշխատավարձ ստացող քաղաքացու համար անհասանելի են։ Հատկապես սրտի ստենտավորումը շատերի համար անհասանելի ծառայություն է, որը թերևս փրկում է կյանքեր։ Սրտի դեղապատ  ստենտի մեկ հատի արժեքը 800-ից 950 հազար դրամ է։ Կան մարդիկ, ովքեր ստենտավորման համար վարկ են ձևակերպում, բայց խնդիրն այն, որ երբեմն մեկ ստենտը բավարար չի լինում ու մարդը ստիպված է երեք կամ չորս հատ ստենտ տեղադրել, այս պարագայում մարդուն հարկավոր է մոտ 4 մլն դրամ։

Նշենք, որ այդուհանդերձ, գործում է ծրագիր, ըստ որի՝ մարդը կարող է սուր ինֆարկտի պարագայում անվճար ստենտավորվել:

2015 թվականից մեկնարկած «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» (stand for life) ծրագրի շնորհիվ սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում իրականացվում է անվճար ստենտավորում:

2015 թվականին ծրագրի համար նախատեսված է եղել շուրջ 950 մլն դրամ: 2022 թվականի համար բյուջեով նախատեսված է 1 մլրդ 650 մլն դրամ:

Հայաստանի առողջապահական համակարգը հատուկ ուշադրություն է դարձնում նաև սիրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը։

ՀՀ ԱՆ սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը ևս մատնանշել է առողջապահական մշակույթի անտեսումը։

Ըստ նրա՝ սրտանոթային հիվանդությունների դեպքում մարդիկ ստիպված են անընդհատ պահպանել սահմանված ռեժիմը․

«Պացիենտը մշտապես պետք է պահպանի դեղորայքային հետևողական բուժումը, ցավոք մեր երկրում առողջապահական մշակույթը բարձր որակի վրա չէ։ Մենք առաջ ենք տանում այն քաղաքականությունը, ըստ որի քաղաքացին պետք է հետևի իրեն և երեք գործոն կարևորի՝ կենսակերպը, քաշը և ֆիզիկական ակտիվությունը»,- հավելել է նա։

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ