Գլխավոր էջ Նորություններ Երևանում պետպատվերը վերջացել է. շաքարային դիաբետով հիվանդ երեխաները մոտ երկու ամիս էնդոկրինոլոգի...

Երևանում պետպատվերը վերջացել է. շաքարային դիաբետով հիվանդ երեխաները մոտ երկու ամիս էնդոկրինոլոգի խորհրդատվություն կստանան վճարովի հիմունքով

221
0

Արդեն մեկ ամիս կլինի, երեխաների համար պետպատվերի տեղերը սպառված են: Մինչև 2023թ. դիաբետ ունեցող երեխան պետք է վճարի օրական 20.000 դրամ, որպեսզի դիսպանսեր բուժում ստանա։ 168.am-ին իրենց մտահոգությունն են հայտնել մի քանի ծնող:

Նրանց հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ խնդիրը ոչ թե դեղորայքի, բուժման հետ է կապված, այլ խորհրդատվության: «Երեխան 2009 թվականի ծնունդ է: Զանգել եմ Երևանի հիվանդանոցներից մեկի էնդոկրինոլոգիայի բաժին, որտեղ պետք է գրանցվենք, մեզ ասացին, որ մինչև դեկտեմբեր անվճար տեղեր չկան, ասացին, որ պետք է վճարեմ 20.000 դրամ: Գրանցվել ենք հոկտեմբերի 11-ի համար: Նշեցին, որ եթե չենք շտապում, ապա կարող ենք սպասել մինչև անվճար տեղերի հատկացումը»,- մեզ հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:

Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ վերաբաշխումները վաղուց արված են, պետպատվերն այդ ծառայության համար որքան հասնում է՝ փոխանցված է, և հերթագրումներով պետք է բուժում ստանան:

Մեր տեղեկություններով՝ բժշկի խորհրդատվության հետ կապված խնդիրն ունի խոր արմատներ: Գաղտնիք չէ, որ պետությունը 0-18 տարեկաններին անվճար բուժման հնարավորություն է տալիս ՀՀ բոլոր պետական հիվանդանոցներում: Ցանկացած բաժանմունքում անվճար բուժվում են: Տեղերը պետությունը հատկացնում է հունվարի 1-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Սա՝ ստացիոնար բուժման դեպքում: Կա նաև ամբուլատոր բուժում, որի դեպքում ինչ-որ չափով պետպատվեր են հատկացնում, սակայն խնդիրն առաջանում է, կարելի է ասել, մարզերի պոլիկլինիկաներից Երևան շատ ուղեգիր տալու արդյունքում, և սա է պատճառը, որ պետպատվերի տեղերն այսքան շուտ են վերջանում»: ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի բաժանմունքից 168.am-ին հայտնեցին, որ հատկացված պետպատվերը հիվանդանոցների 90 տոկոսում վերջացել է, քանի որ դիմողները շատ են եղել: Նշեցին, որ խոսքը էնդոկրինոլոգիայի բաժնի մասին է. օրինակ ակնաբուժական բաժնում կարող է պետպատվերը հուլիսին վերջանալ:

«Քանի որ մասնագիտացված կենտրոնն այստեղ է՝ դիմողները շատ են, դրա համար պետպատվերը սեպտեմբերից վերջացել է և մինչև դեկտեմբերի 15-ը հավանաբար չի լինի: Իսկ ծառայության արժեքը 10.000-20.000 դրամ է, ոչ թե 20.000: Տարբեր ծառայություններ տարբեր գներ ունեն»,- պարզաբանեցին հիվանդանոցից:

Աղբյուրը՝ 168.am:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ