Գլխավոր էջ Գլխավոր Էլի կա՞ն կորոնավիրուսով հաստատված դեպքեր, որի մասին նախարարին չեն տեղեկացրել

Էլի կա՞ն կորոնավիրուսով հաստատված դեպքեր, որի մասին նախարարին չեն տեղեկացրել

1840
0

«Երկու ամսական վարակված երեխա հաստատ չկա, կան դպրոցահասակ երեխաներ, որոնց թիվը չեմ կարող նշել»,- երեկ՝ մարտի 26-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հերքելով լրագրողի այն պնդումը, թե երկու ամսական երեխա է կորոնավիրուսով վարակվել;

Դեռ երեկ՝ նախարարի տված ասուլսից հետո, Medmedia-ն հոդված էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ երկու ամսական երեխա է կորոնավիրուսով վարկավել, և այս դեպքի մասին Առողջապահության նախարարությունը լռում է։

Ինչպես հայտնել էինք, երեխայի կորոնավիրուսով վարակված լինելը  հաստատել էին նաև փոքրիկի ծնողները, հայրն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ կինն էլ, երեխան էլ վարակված են կորոնավիրուսով:

Այսօր՝ մարտի 27-ին, սակայն, Արսեն Թորոսյանը իր ուղիղ եթերում հաստատեց  դեպքը։

«Երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել, այս պահին նա էլ սիմպտոմներ չունի։ Երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում»,- նշեց նախարարը։

Արսեն Թորոսյանն այս բացթողումը արդարացնում է այն փաստով, որ իրեն չեն տեղեկացրել երկու ամսական երեխայի վարակված լինելու մասին, և այսօր է միայն իմացել, հետևաբար հանրությանը իրազեկել է ֆեյսբուքյան լայվի միջոցով։ Պետք է, սակայն,  ընգծել, որ երեխան և մայրիկը «Նորք» ինֆեկցիոն կլինակական հիվանդանոց տեղափոխվել էին դեռ երեք օր առաջ։ Այս փաստից կարելի է ենթադրել, որ կամ Առողջապահության նախարարը ստում է, կամ էլ նա կոմպետենտ չէ։

Տեղի ունեցած միջադեպից հետո կասկածներ են ծնվում՝ արդյո՞ք այժմ հրապարակված բոլոր տվյալները համապատասխանում են ճշմարտությանը, թե՞ կան դեպքեր, որոնց մասին նախարարին նորից չեն տեղեկացրել՝ հետևաբար նաև հանրությանը։

Medmedia լրատվականը կոչ է անում Առողջապահության նախարարությանը հնարավորինս ճշգրիտ տվյալներ հաղորդել՝  խուսափելու և՛ խուճապից, և՛ նմանատիպ այլ միջադեպերից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ