Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները երեխաների մոտ կարճատեսության առաջընթացը դանդաղեցնելու միջոց են հայտնաբերել

Գիտնականները երեխաների մոտ կարճատեսության առաջընթացը դանդաղեցնելու միջոց են հայտնաբերել

145
0

Կոֆեինի մետաբոլիտ 7-մեթիլքսանտինը (7-MX) կարող է արժեքավոր միջոց լինել երեխաների մոտ կարճատեսության առաջընթացը կամ միոպիան դանդաղեցնելու համար, ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է British Journal of Ophthalmology-ում:

 

7-մեթիլքսանտինը Դանիայում 2009 թվականից օգտագործվում է մանկական կարճատեսության բուժման համար, սակայն մինչ այժմ այն ամբողջությամբ չի գնահատվել երկարաժամկետ հետազոտություններում:

 

Միոպիան առաջանում է, երբ ակնագունդը չափազանց երկար է՝ համեմատած եղջերաթաղանթի եւ աչքի ոսպնյակի կենտրոնացման ուժի հետ, եւ նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 7-MX-ը կանխում է ակնագնդի չափազանց երկարացումը, նշվում է հետազոտության մեջ:

 

Այս հիվանդությունը հաճախ սկսվում է 6-7 տարեկանում եւ զարգանում է մինչեւ 16-20 տարեկանը։ Այն կապված է տեսողության եւ աչքի առողջության վրա ազդող հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ, ներառյալ մակուլյար դեգեներացիան, կատարակտը, գլաուկոման եւ ցանցաթաղանթի շերտավորումը:

 

Հետազոտողների կարծիքով, կարճատեսության դեմ պայքարի ներկայիս միջոցները, ինչպիսիք են կոնտակտային ոսպնյակների բուժումը կամ տարբեր դեղամիջոցների օգտագործումը, այնքան էլ արդյունավետ չեն երեխաների մոտ վիճակի վատթարացումը կանխելու համար:

 

Նրանք ուսումնասիրել են 711 աղջիկների եւ տղաների բժշկական փաստաթղթերը, որոնք կարճատեսությունը բուժել են դանիական ակնաբուժական կլինիկայում 2000 թվականի հունիսից մինչեւ 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում:

 

Երեխաները ենթարկվել են աչքի համապարփակ հետազոտության՝ ներառյալ աչքի առանցքի երկարության չափումը։ Այնուհետեւ նրանցից 624-ն ընդունել է օրական մինչեւ 1200 միլիգրամ 7-MX հաբեր, միջինը 470 մգ, իսկ 87 երեխա տարբեր պատճառներով չի ընդունել հաբերը։

 

Նրանք միջինը 11 տարեկան են եղել, երբ սկսել են բուժումը, իսկ ակնագնդի երկարությանը եւ կարճատեսության աստիճանին հետեւել են միջինը 3,5 տարի:

 

Նրանցից ոչ մեկը չի հայտնել դեղամիջոցն ընդունելիս որեւէ կողմնակի ազդեցության մասին:

 

Հետազոտողները պարզել են, որ 7-MX բուժումը կապված է կարճատեսության վատթարացման եւ առանցքի երկարացման ավելի դանդաղ տեմպերի հետ, իսկ ավելի բարձր չափաբաժիններն ավելի արդյունավետ են եղել։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ