Գլխավոր էջ Գլխավոր 2022 թվականին Հայաստանում հեպատիտ Ց-ի դեմ բուժում է ստացել 517 պացիենտ

2022 թվականին Հայաստանում հեպատիտ Ց-ի դեմ բուժում է ստացել 517 պացիենտ

148
0

ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են.

Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը՝ տարեկան խլելով ավելի քան 1 միլիոն մարդու կյանք:

Գերակշռում են քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի բարդություններից մահերը:

2022-2030 թվականների ռազմավարությամբ` Հայաստանը որդեգրել է հիվանդության վերացմանն ուղղված քաղաքականություն: Նպատակն է պացիենտի խնամքի և բուժման ծառայությունների ինտեգրմամբ մինչև 2030 թվականը կտրուկ նվազեցնել հիվանդացությունը:

2020 թվականից քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին ԱՆՎՃԱՐ տրամադրվում են ուղղակի ազդող հակավիրուսային դեղեր: Ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով օրերս հաստատվել է վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին նոր դեղերով բուժման կարգը:

2022 թվականին Հայաստանում հեպատիտ Ց-ի դեմ բուժում է ստացել 517 պացիենտ:

1999 թվականից ՀՀ-ում իրականացվում են հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներ, որոնց շնորհիվ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում չեն գրանցվում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր: Հեպատիտ Ց-ի դեմ դեռևս պատվաստումներ չեն իրականացվում աշխարհում:

Հեպատիտները փոխանցվում են սեռական ճանապարհով, արյան միջոցով` թմրամիջոցների գործածում, ինվազիվ միջամտություն (բժշկական և ոչ բժշկական` դաջվածք, մատնահարդարում, ոտնահարդարում, փիրսինգ և այլն), դրական դեպք` մորից երեխային, երբեմն նաև` կենցաղ-կոնտակտային ճանապարհով:

Վիրուսային հեպատիտների վաղ հայտնաբերումը բուժման առաջին նախապայմանն է, ուստի խորհուրդ է տրվում բնակչությանը պարբերաբար հետազոտվել, քանի որ հիվանդությունը հիմնականում կարող է ընթանալ անախտանիշ:

Երևանում և մարզերում պարբերաբար կազմակերպվում են հանրային միջոցառումներ, անվճար, անանուն հետազոտություններ` հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով:

🌐 https://www.moh.am/?section=news/open&id=143&nid=3870&pagen=23#1/5711

🌐 https://bit.ly/3zDdzgK

Տարվա կարգախոսն է` #ես_չեմ_կարող_սպասել #հեպատիտի_խնամքը_ավելի_մոտեցնել_ձեզ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ