Գլխավոր էջ Գլխավոր Սննդային թունավորումներ․ինչպե՞ս խուսափել աղիքային վարակներից 

Սննդային թունավորումներ․ինչպե՞ս խուսափել աղիքային վարակներից 

423
0

ՀՀ-ում 2022 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների ավելի քան 4200 դեպք և հիվանդացությունը 2021 թվականի համեմատ աճել է 1,2 անգամ։ Այս մասին օրերս լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ հավելելով, որ արձանագրվել է 7 բռնկում, որից 4-ը սննդային ծագման, 2-ը արձանագրվել են Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպություններում և մեկական դեպք՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, որոնք պայմանավորված են եղել էքսկուրսիայի ժամանակ սննդամթերքի պահպանման, տեղափոխման կանոնների խախտումներով։

Անդրադառնալով ռիսկերին՝ նա նշեց․«Շատ կարևոր է պահպանել մի շարք կանոններ, որոնք կարող են կանխարգելել սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների արձանագրումը՝ հատկապես էքսկուրսիաների ժամանակ: Նախ անհրաժեշտ է սննդամթերքը, որը գնվում է էքսկուրսիաների ժամանակ օգտագործելու համար, ինչպես նաև խնջույքների համար լինի թարմ»,-նշել է Աբովյանը՝ հավելելով, որ պետք է պահպանվեն սննդամթերքների պահպանման կանոնները, օրինակ՝ միրգը և բանջարեղենը պետք է լվանալ հոսող ջրի տակ 2-3 րոպե, սնունդը պատրաստելիս պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել ձեռքերի հիգիենային։

«Գրեթե ամեն տարի մենք ունենում ենք աղիքային վարակիչ հիվանդության բռնկումներ և հիմնականում բռնկումների պատճառն են ինչպես հիգիենայի և սանիտարահամաճարակային ռեժիմի կանոնների չպահպանումը, այնպես էլ՝ սննդի ոչ պատշաճ պայմանների խախտումները»,-նշել է Աբովյանը։

Նա նաև անդրադարձել է թունավորման ախտանշաններին՝ մասնավորապես նշելով, որ հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս սնունդն ընդունելուց երկու ժամ հետո և կարող են շարունակվել մի քանի օր: Հիմնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, գլխացավ, որովայնի շրջանում կտրուկ ցավեր: Նման ախտանշաններ ունենալու դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժությամբ և նաև հորդորեց՝ զերծ մնալ հակամանրէային դեղորայք ընդունելուց:

Լ․Հակոբյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ