Գլխավոր էջ Գլխավոր Դեռահասի կապրիզ․ հանդուրժե՞լ, թե՞ պատժել

Դեռահասի կապրիզ․ հանդուրժե՞լ, թե՞ պատժել

516
0

Medmedia.am-ի զրուցակիցն է կլինիկական հոգեբան Տաթևիկ Նահապետյանը։

Medmedia.am-Դեռահաս երեխաների հետ շատ հաճախ ծնողներն ունեն կոնֆլիկտ. ո՞ր  տարիքին է այն բնորոշ և ի՞ նչ է այն:

Տաթևիկ Նահապետյան-Այո, դեռահասության շրջանը լի է բավական տարաբնույթ և հակասական էմոցիոնալ վիճակներով: Մանկության և պատանեկության միջև ընկած ժամանակաշրջանում խորքային փոփոխություններ են կատարվում դեռահասի հոգեկանում՝ մանկական անմիջականությունը, վստահելիությունը, պարզությունը փոխակերպվում են ծայրահեղ քննադատ, մեկուսացվածությանը հակված, սեփական անձի և շրջապատի նկատամամբ մեծ պահանջկոտություն ունեցող անձի: Դեռահասը դյուրագրգիռ է, վիրավորվող, նեղացկոտ, կոնֆլիկտային և չափազանց զգայուն: Հաճախ ունեցած թերարժեքության բարդույթը խանգարում է շփմանը, զրկում ընկերներ ունենալու հնարավորությունից և ներքին կոնֆլիկտների առաջացման պատճառ է դառնում: Բայց կոնֆլիկտները միայն ներքին հակասություններով չեն սահմանափակվում և արտահայտվում են նաև միջանձնային հարաբերություններում, հիմնականում՝ ծնողների հետ: Այստեղ միանշանակ չենք կարող ասել ծնողներն են ունենում կոնֆլիկտներ դեռահասների հետ, թե՝ դեռահասները ծնողների հետ: Կարծես փակ շրջան լինի, մեկը մյուսին լրացնող: Թերևս հստակ տարիք չենք կարող առանձնացնել առավել կոնֆլիկտայնության, քանի որ հենց վաղ դեռահասությունից արդեն իսկ նկատելի են դառնում վարքագծային փոփոխությունները: Նախկինում վաղ դեռահասության սկիզբ համարվում էր 11-12 տարեկանը, սակայն մեր օրերում, շեմը բավական իջել է, և արդեն 9 տարեկանը դեռահաս է: Սակայն դեռահասության շրջանում էլ են առանձնացվում փուլեր և յուրաքանչյուրին էլ բնորոշ են կոնֆլիկտի մի տեսակը: Օրինակ՝ տարբերակում ենք ծնողների և դեռահասների միջև առավել հաճախ հանդիպող տեսակները՝ դեռահասին թյուր ընկալելու արդյունքում առաջացած կոնֆլիկտ, մյուս կանվանենք «Ճնշում», հաջորդը թերևս թաքնված կոնֆլիկտն է և գերխնամքի հետևանքով առաջացած կոնֆլիկտը:

Medmedia.am-Հաճախ հանդիպող խնդիր է աղջիկ-մամա կոնֆլիկտը, ինչպե՞ս ծնողը հարթի խնդիրը, օրինակ՝ 12 ամյա աղջկա հետ։

Տաթևիկ Նահապետյան-Մայր-դուստր կոնֆլիկտները իսկապես բավական հաճախ են հանդիպում և արտահայտվում ու դրսևորվում են զանազան կերպով: Թվում է, թե բնական ու նորմալ է, անցողիկ, սակայն յուրաքանչյուր աղջկա ենթագիտակցության մեջ հետք են թողնում այդ կոնֆլիկտային իրավիճակները, ծնողի կողմից արված մտքերը, այդ ամենը դառնում է համոզմունք, ինչից հետագայում օգտվելու է հասուն տարիքում աղջիկը: Երբեմն այնքան խորքային բնույթ է կրում այդ ամենը, որ ընդհուպ կարող է առաջացնել անգամ հոգեբանական անպտղություն աղջկա հասուն կյանքում: Ծնողները հաճախ ֆրազաներ են օգտագործում, որոնք չեն էլ կարևորում, կամ մոռանում են դրանց մասին, բայց ամենը պահպանվում է: Չէ որ աղջիկը իր կնոջ մոդելը ստեղծում է առաջնային մոր կերպարով և որքան էլ փորձի հետագայում ու ջանքեր գործադրի ինչ-որ բան փոխելու, միևնույնն է ենթագիտակցության մեջ դաջված մոդելը իր գործն անելու: Իսկ հարթելու համար, նախ պետք է տարբերակել կոնֆլիկտի որ տեսակն է և ինչ կերպ է դրսևորվում:

Medmedia.am-Պե՞տք է ծնողը զիջումների գնա:

Տաթևիկ Նահապետյան-Կապրիզը ինքնին մանիպուլյացիա է դեռահասի կողմից: Եվ հիմնականում առաջանում է երբ մանկուց գերխնամք են տվել երեխային: Երբ անգիտակցաբար ձգտում են պահպանել էմոցիոնալ մտերմություն երեխայի հետ, կարծես «արջի ծառայություն մատուցեն»: Մշտապես ձգտում են, որպեսզի դեռահասը ընտանեկան դժվարությունների առաջ չկանգնի, որպեսզի չհոգնի ամենօրյա դժվարություններից, անհոգ լինի, ոչնչի կարիք չզգա: Կարծես նրանց վերաբերվում են ինչպես փոքրիկ անօգնական երեխայի: Եվ հետագայում փաստի առաջ են կանգնում, քանի որ հենց այդ դեռահասները պատրաստ չեն ինքնուրույն կյանքի, համոզված են, որ ամեն բան մշտապես իրենց ուզածով պիտի լինի, հակառակ դեպքում կմտածեն, որ իրենց չեն սիրում, իրենք պետք չեն ոչ ոքի: Իսկ եթե ամեն դեպքում արդեն գերխնամք ունեցել ենք և ունենք կամակոր դեռահաս, բոլոր դեպքերում խոսել և քննարկել նրանց հետ ցանկացած հարց, հենց դրանով կբարձրացնենք իրենց ինքնագնահատականը, թույլ կտանք իրենց «մեծ» և «կարևոր» զգալ: Իսկ կապրիզը՝ անտեսել:

Medmedia.am-Ծնողը պատժի ի՞նչ մեթոդ կարող է կիրառել, օրինակ, երբ աղջիկը գոռում է և վիրավորում ծնողին, կարծելով, թե մայրը արգելում է ամեն բան ու խանգարում իրեն հանգիստ ապրել։

Տաթևիկ Նահապետյան-Ամեն բան հարկավոր է մինչ այդ անել: Այստեղ «պատիժը» միայն հակառակ էֆֆեկտն է ունենալու: Հարց է առաջանում՝ «Իսկ ի՞նչ կստանանք դրանից»: Եթե խնդիրը նման խորքային բնույթ է կրում, լավ կլինի հոգեբանի միջամտությամբ լուծել, քանի որ սրացած էմոցիոնալ վիճակում ծնողն էլ է դժվարանում վերահսկել զգացողությունները, էմոցիոնալ պոռթկում չունենանալը բարդանում է, հարցին նայում է բացառապես իր տեսանկյունից: Դեռահասն էլ իր հերթին թվացյալ հայտնվում է զոհի կարգավիճակում և կրկին ադեկվատ գնահատական տալ չի կարող իրավիճակին: Հոգեբանը կօգնի կողքից նայել, դուրս բերել էմոցիաները և լուծում տալ: Նման կոնֆլիկտի տակ թաքնված է դեռահասի սիրված ու գնահատված լինելու պահանջմունքը, այդպիսի վարքագծից հետո նրանք հաճախ մեղքի զգացում են ունենում, ինչն էլ իր հերթին այլ բացասական հետևանքներով է հղի: Դեռահասը կարող է դառնալ կոպիտ, քննադատել ծնողներին և մյուս մեծերին: Նույնիսկ ամենահամերաշխ ընտանիքներում դժվարություն առաջանում է այս ամենի հետ կապված: Լարվածությունը մեծանում է այն դեպքում, երբ ծնողները շատ հաճախ չեն հասկանում, որ մեծացող դեռահասի հետ հարաբերությունները պետք է այլ կերպ դասավորել, ոչ թե ինչպես փոքրիկի: Անհրաժեշտ է, որպեսզի գոնե փորձել գիտակցել նրանց հակասական զգացմունքները: Օբյեկտիվ գնահատել դեռահասի արժանիքներն ու թերությունները:

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ