Գլխավոր էջ Նորություններ Ե՞րբ կարող է ընկուզեղենը վնասել օրգանիզմին

Ե՞րբ կարող է ընկուզեղենը վնասել օրգանիզմին

190
0

Ընկուզեղենը շատ օգտակար մթերք է, սակայն կան բազմաթիվ գործոններ, որոնք պետք է հիշել։ Օրինակ այն, որ պնդուկը, գետնանուշը, շագանակը, պիստակը, հունական ընկույզը պարունակում են արմավաթթու, որը մեծացնում է թրոմբի առաջացման վտանգը։ Գետնանուշը նաեւ մեծ քանակությամբ էրուկինաթթու է պարունակում, որը թունավոր է սրտամկանի համար, ասել է սննդաբան Օլեսյա Լուկաշենկովան, փոխանցում է «Մոսկվա 24»-ը։

Մասնագետի խոսքով՝ ընկուզեղեն խորհուրդ չի տրվում ուտել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրման, ինչպես նաեւ ենթաստամոքսային գեղձի եւ լյարդի քրոնիկ խանգարումների դեպքում։

«Ընկուզեղենը կարող է խորացնել պսորիազի եւ էկզեմայի հետ կապված վիճակը։ Նրանք, ովքեր պզուկներ ունեն, ավելի լավ է հրաժարվեն գետնանուշից։ Գետնանուշը պարունակում է նյութ, որն ուժեղացնում է մաշկային ճարպի արտադրությունը»,- նշել է սննդաբանը։

Ընկուզեղենի օգտագործումը պատք է սահմանափակել նաեւ հերպեսի հաճախակի հայտնվելու դեպքում, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ արգինին (ամենաշատը պարունակվում է գետնանուշում): Սա անփոխարինելի ամինաթթու է մարդու օրգանիզմում, բայց մեծ քանակությամբ այն նպաստում է հերպեսի գործընթացի ակտիվացմանը եւ ծառայում է որպես նոր վիրուսների համար շինանյութ:

 

Սննդաբանն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ ընկույզ ուտելիս կարեւոր է պահպանել հայտնի կանոնը՝ ամեն ինչ չափի մեջ պետք է լինի։

 

Մեծահասակին օրական 30 գրամ ընկույզը բավական է։ Ավելի լավ է դա անել օրվա առաջին կեսին։ Ավելորդ քաշ ունեցող մարդիկ չպետք է ամբողջությամբ հրաժարվեն ընկույզից։ Պարզապես պետք է կրճատել դրանց ընդունումը մինչեւ շաբաթական մեկ անգամ:

Երեխաներին խորհուրդ են տալիս ընկույզը շաբաթական մեկ կամ երկու անգամից ոչ հաճախ ուտել։ Բավական է երեք-չորս հատ, ցանկալի է տարբեր տեսակներ։

Եթե երեխան կամ մեծահասակը ալերգիա ունեն ընկուզեղենի նկատմամբ, ապա անհրաժեշտ է ոչ միայն ընկույզը սննդակարգից հանել, այլև դրանով պատրաստված մածուկները, կաթն ու յուղերը։

Փորձագետի կարծիքով՝ ավելի լավ է ընկույզը կեղեւով գնել, որպեսզի շուտ չփչանա։ Բայց կեղեւը պետք է առանց ճաքերի, ջարդվածքների եւ նստվածքի լինի:

«Որպեսզի ընկուզեղենը հնարավորինս օգտակար լինի, անհրաժեշտ է այն թրջել ջրի մեջ 5-6 ժամ: Այնուհետեւ այն պետք է մի քանի անգամ լվանալ։ Դա կօգնի չեզոքացնել լեկտիններն ու ֆիտաթթուն՝ նյութեր, որոնց պատճառով ընկույզներում պարունակվող օգտակար միկրոտարրերը վատ են յուրացվում օրգանիզմի կողմից»,- խորհուրդ է տվել սննդաբանը։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ