Գլխավոր էջ Գլխավոր Կապիկի ծաղիկի դեմ նոր պատվաստանյու՞թ կստեղծվի․ ի՞նչ են հայտնում մասնագետները

Կապիկի ծաղիկի դեմ նոր պատվաստանյու՞թ կստեղծվի․ ի՞նչ են հայտնում մասնագետները

529
0

Արդեն մի քանի շաբաթ է, մի շարք երկրներում կան կապիկի ծաղիկ հիվանդության հաստատված դեպքեր։ Վերջինիս վերաբերյալ վարակաբան Արմեն Օհանյանը Medmedia.am-ի հետ ունեցած զրույցում անդրադարձել է հիվանդության մասին մի շարք կարևոր կետերի։ Ինչպես նաև շատերին հուզող հարցերից է՝ արդյո՞ք հիվանդության դեմ պետք է պատվաստվել, թե՞ ոչ։

«Արդեն իսկ քննարկվում է այն հարցը, որ պատվաստումները կարելի է կիրառել նաև հետկոնտակտային կանխարգելման նպատակով, այսինքն երբ մարդը շփվել է կապիկի ծաղիկով վարակված պացիենտի հետ և չի ուզում հիվանդանալ, կարող է ստանալ պատվաստում և դա կամ կկանխի իր մոտ հիվանդությունը, կամ կբերի հիվանդության ավելի մեղմ ընթացքի։ Եթե թվերը շարունակեն աճել, կարծում եմ կվերաթողարկեն առայժմ բնական ծաղիկ հիվանդության պատվաստանյութը, իսկ հետագայում եթե վարակը ավելի մեծ տեմպեր ունենա, գուցե փորձ արվի ժամանակակից տեխնիկաներով նոր պատվաստանյութ ստեղծել։ Բայց դա դեռ ապագայի հարց է»,- նշեց վարակաբանը։

Իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Ռիչարդ Փիբոդին ասել է, որ ԱՀԿ-ն պարտադիր չի համարում կապիկի ծաղկի դեմ բնակչության զանգվածային պատվաստումների հրատապ իրականացումը։ Կապիկի ծաղկի տարածումը, ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, կարող է զսպվել։ Դրա համար անհրաժեշտ է պահպանել մի քանի պահանջներ, այդ թվում՝ հիգիենան, հաճախակի լվանալ ձեռքերը:Նա նաև անհրաժեշտ է համարել անվտանգ սեռական վարքագծի դրսևորումը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ