Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ է հայտնի երեխաներին ախտահարող եւ անհայտ ծագում ունեցող հեպատիտի մասին

Ի՞նչ է հայտնի երեխաներին ախտահարող եւ անհայտ ծագում ունեցող հեպատիտի մասին

248
0

Երեխաներին ախտահարող անհայտ ծագման սուր հեպատիտն արդեն հայտնաբերվել է Եվրամիության 12 երկրներում, ինչպես նաեւ Ճապոնիայում, Իսրայելում եւ Կանադայում։ Աշխարհում արդեն հայտնաբերվել է այդ հիվանդության 200 դեպք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ մեկ երեխա մահացել է, 17 երեխա լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն է ունեցել։

Խորհրդավոր հիվանդությամբ հիվանդանում են 1 ամսականից մինչեւ 16 տարեկան, բայց ավելի հաճախ՝ մինչեւ 5 տարեկան երեխաները։

Անհայտ ծագումը

Հիվանդությունը հետաքրքիր է նրանով, որ դրա առաջացման պատճառը գիտնականներին առայժմ չի հաջողվում պարզել. լաբորատոր թեստերը պացիենտների մոտ բացառել են հեպատիտի վիրուսները (A, B, C, D եւ E)։  Բացառել են նաեւ սովորական պատճառները, որոնք կարող էին առաջացնել սուր հեպատիտ։ Որոշ երեխաների մոտ հայտնաբերել են Sars-Cov-2 կորոնավիրուս եւ ադենովիրուս, բայց այդ վիրուսները հազիվ թե կարող են կապված լինել հեպատիտի հետ։

Միջազգային ուղեւորությունները կամ այլ երկրների հետ կապերը նույնպես չեն համարվել վարակման հնարավոր գործոններ, տեղեկացրել են ԱՀԿ-ի մասնագետները։

Շոտլանդացի մի շարք մասնագետներ հիպոթեզ են առաջադրել, որի համաձայն՝ ադենովիրուսը կորոնավիրուսի հետ միասին գուցե ազդում է երեխաների լյարդի վրա։ Բայց ներկա պահին այս հիպոթեզի ոչ մի հաստատում չկա։ Ավելին, SARS-CoV-2-ի եւ ադենովիրուսի վարակման համադրում հայտնաբերվել է միայն 19 պացիենտի մոտ։

Սանիտարահամաճարակաբանական վարչության բրիտանացի մասնագետների կարծիքով՝ համավարակի շրջանում սովորական ադենովիրուսի հետ երեխաների անբավարար շփման պատճառով, ինքնամեկուսացման եւ սոցիալական հեռավորության պահպանման պայմաններում, սուր հեպատիտը կարող էր պարզապես ավելի ծանրանալ։

Ախտանշանները

ԱՀԿ-ի տվյալներով՝ հայտնաբերված դեպքերում կլինիկական ախտանշանը սուր հեպատիտն էր (լյարդի բորբոքում)՝ լյարդի ֆերմենտների մակարդակի նկատելի բարձրացմամբ։ Շատ դեպքերում փոքրիկ պացիենտները բախվում էին աղեստամոքսային ախտանշանների՝ որովայնի ցավ, լուծ եւ փսխում։ Այս բոլոր նշանները նախորդում էին սուր հեպատիտի առաջացմանը։ Գրանցվել է նաեւ լյարդի ֆերմենտների (ասպարտատամինոտրանսֆերազա կամ ալանինամինատրանսֆերազա՝ ավելի քան 500 միավոր/լ) մակարդակի բարձրացում եւ դեղնախտ։ Տենդ դեպքերի մեծ մասում չի եղել։

Ի՞նչ կլինի հետո

 

Շատ մասնագետների կարծիքով, եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ խորհրդավոր հեպատիտը վիրուսային ծագում ունի, դա իրադարձությունների զարգացման ամենավատ տարբերակը կլինի, քանի որ վիրուսը կարող է բավական արագ տարածվել աշխարհում եւ առաջ բերել լուրջ խնդիրներ շատ երկրներում, հատկապես այն երկրներում, որտեղ առողջապահությունն այնքան էլ հասանելի չէ բնակչությանը։

Իրավիճակը մեկնաբանելով CNBC հեռուստաալիքին՝ Արեւմտյան ռեզերվային շրջանի Քեյսի համալսարանի բժշկական ինստիտուտի (ԱՄՆ) մանկաբուժության ամբիոնի դոցենտ Էմի Էդվարդսը նշել է, որ առայժմ չի կարելի ասել, թե որքանով է լուրջ կամ վտանգավոր սուր հեպատիտի այս բռնկումը։ Նրա խոսքով՝ ամեն բան կախված կլինի այն բանից, թե հիվանդությունն ինչպես կդրսեւորվի առաջիկա ամիսներին։ Եթե պարզվի, որ հիվանդության պատճառը ադենովիրուսի լուրջ ձեւն է, որն ախտահարում է երեխաների լյարդը, դա անհանգստության լուրջ առիթ կլինի, քանի որ ադենովիրուսներն ամենուրեք են, եւ դրանք սեզոնային չեն։ Բայց առայժմ հիվանդության դեպքերը բավական քիչ են, եւ չարժե ժամանակից շուտ եզրահանգումներ անել։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ