Գլխավոր էջ Գլխավոր Բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր․ ո՞վ էր վրաերթի ենթարկված...

Բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր․ ո՞վ էր վրաերթի ենթարկված կինը

468
0

Երեկ՝ ապրիլի 26-ին Երևանում ողբերգական դեպք տեղի ունեցավ, կյանքից զրկվեց հղի կին, ով պետք է հունիսին լույս աշխարհ բերեր իր առաջնեկին։ Կտրվեց ոչ միայն մոր,այլև դեռևս չծնված փոքրիկի կյանքի թելը։ Ի՞նչ էր կատարվել, ինչու՞, որովհետև այդ պահինի Երեւանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում անցնում էր վարչապետի ավտոշարասյունը։Եվ հենց այդ մեքենաներից մեկն էլ վրաերթի է ենթարկել կնոջը։

Վրաերթի ենթարկված 29-ամյա կնոջ մոտ հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է շնչառության եւ սրտի կանգ:

«Հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է շնչառության եւ սրտի կանգ, անմիջապես սկսվել են ռեանիմացիոն գործողություններ, որոնք տևել են 1.5 ժամ, ցավոք ռեանիմացիոն գործողությունները եղել են ապարդյուն, գրանցվել է կենսաբանական մահ: Նաև ստուգվել է պտղի բաբախը, որը բացակայում էր»,- ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունին:

Վրաերթից մահացած 29-ամյա հղի կինը Սոնա Մնացականյանն էր: Աշխատում էր «Support Our Heroes – Armenia» կազմակերպությունում:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Խորը ցավով տեղեկացանք մեր կազմակերպության հիմնադիր անդամ, Կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավար Սոնա Մնացականյանի անժամանակ մահվան գույժի մասին: Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր և բարձր մարդկային արժանիքներ ունեցող ընկեր»:

Կա նաև տեղեկություն, որ վրաերթի հետևանքով մահացած Սոնան հայտնի բժիշկ-վնասվածքաբան Մնացական Մնացականյանի դուստրն է, իսկ վրաերթի ենթարկած վարորդը՝ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը, իր բնակավայրում հայտնի է «Ծեծեմ Արամ» մականունով: Նա ձերբակալվել է։

Դեպքին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, գրելով, թե անթույլատրելի է վրաերթի ենթարկված հղի կնոջը անօգնական թողնելը։

«ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ երեկ՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Ցավով եմ տեղեկանում, որ նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել:

Ընդդիմադիր Նիկոլը կասեր՝ «մարդասպան կորտեժ»․.․

Ցավակցում եմ մեր քաղաքացու հարազատներին։ Հուսով եմ՝ մեղավորները կստանան արժանի պատիժ օրենքի ամբողջ խստությամբ։ Հետևողական եմ լինելու»,-գրել է նա :

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ