Գլխավոր էջ Գլխավոր «ԹԱՓԱՆՑԻԿ ՄԱՀ»․ ի՞նչ օդ ենք մենք շնչում

«ԹԱՓԱՆՑԻԿ ՄԱՀ»․ ի՞նչ օդ ենք մենք շնչում

649
0

Օդի աղտոտվածության մասին խոսել ենք բազմիցս և գաղտնիք չէ, որ աշխարհի գրեթե բոլոր մարդիկ շնչում են օդ, որը չի համապատասխանում օդի որակի ստանդարտներին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ն՝ կոչ անելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հանածո վառելիքի օգտագործումը նվազեցնելու համար։ Այն աղտոտող նյութեր է ստեղծում, դրանք էլ իրենց հերթին շնչառության եւ արյան շրջանառության հետ կապված խնդիրներ են առաջացնում ու միլիոնավոր մահերի պատճառ դառնում։

ԱՀԿ-ն հայտարարել է, որ աշխարհի բնակչության 99 տոկոսը շնչում է օդ, որը գերազանցում է օդի որակի ընդունելի նորմերը եւ հաճախ լի է մասնիկներով, որոնք կարող են խորը թափանցել թոքերի մեջ, մտնել երակներ ու զարկերակներ եւ հիվանդություններ առաջացնել:

Հայաստանում  ևս առկա է տվյալ խնդիրը։ Բնապահպանները բազմիցս անդրադարձել են այս խնդրահարույց հարցին։ Օդը աղտոտվում է տարբեր պատճառներով, հանքերի շահագործումից, մինչև աղբավայրերի շահագործում։

Էրեբունի համայնքի բնակիչները բազմիցս բողոքել են ու բարձրաձայնել, որ Նուբարաշենի  քաղաքային աղբավայրը սպառնալիք է , հատկապես ամռան ամիսներին՝ մաքուր օդի «կարոտ» են։ Նշենք, որ այս աղբավայրն իր մեծությամբ հանրապետությունում ամենախոշորն է՝ 52,3 հեկտար տարածքով և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու։

Medmedia.am-ը շարունակաբար կանդրադառնա աղբավայրերի այրման հետևանքով մարդկությանը սպառնացող վտանգներին ու այն ծրագրերին, որոնք նախատեսված են աղբավայրերի փակման կամ դրանց գործունեությունն էլ ավելի անվտանգ դարձնելուն։

Բնապահպանները նշում են, որ թափոնների մեծ մասի ինքնայրման ու թերայրման հետեւանքով մթնոլորտ են արտանետվում տարբեր տիպի թունավոր ու քաղցկեղածին նյութեր։

Medmedia.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշել էր, թե  Հայաստանում աղբավայրերը մնացել են այնպիսին, ինչպիսին սովետական ժամանակներում էր, դրանք բաց աղբավայրեր են։

Ի դեպ՝  աղբավայրերի բաց շահագործումից դիօքսիններ են արտադրվում (Դիօքսինները խիստ թունավոր քիմիական միացությունների խումբ են, որոնք վնասակար են առողջությանը: Դրանք կարող են խնդիրներ առաջացնել վերարտադրության, զարգացման և իմունային համակարգի հետ) ու արտանետվում է բնություն, որը խիստ վտանգավոր է մարդու առողջության համար։

Ի դեպ, մաքուր է համարվում այն օդը, որում PM2.5-ի քանակությունը մեկ խորանարդ մետրում 24 ժամվա ընթացքում 12 միկրոգրամ է (12 µg/m3)։

150µg/m3-ից 250µg/m3 PM2.5 պարունակող օդը համարվում է չափազանց աղտոտված եւ վտանգավոր առողջության համար, իսկ 250µg/m3 -ից ավելին համարվում է օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակ։

Այսպես, Երեւանում 2019-ին օդում PM2.5-ի պարունակությունը ամենաաղտոտված օրվա ընթացքում եղել է 153µg/m3։ Գյումրիում՝ 104µg/m3, Վանաձորում՝ 103µg/m3, Ստեփանակերտում՝ 75 µg/m3:

Որպես համեմատություն, Թբիլիսիում PM2.5-ի պարունակությունը եղել է 75µg/m3, Բաքվի մասին տվյալներ չկան, բայց Բաքվից ոչ շատ հեռու գտնվող Շիրվանում՝ 84µg/m3: Ստացվում է, որ Հարավային Կովկասում ամենաաղտոտված օդը Հայաստանում էր։

Հայաստանում շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիթորինգ իրականացնող «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2020թ-ի տվյալների համաձայն՝ Երևանի օդում փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել՝ պայմանավորված երթևեկության և տնտեսական գործունեության սահմանափակմամբ կամ արգելմամբ: 2020 թ. փետրվարի համեմատ մարտին Երևանում փոշու դիտարկումների ընդհանուր քանակի 41%-ում դիտվել է կոնցենտրացիաների նվազում:Իսկ թե ինչ պատկեր ունենք 2021 թ-ի ընթացքում, կներկայացնենք  հաջորդիվ։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ