Գլխավոր էջ Նորություններ Հայտնաբերված դեղամիջոցը պայքարում է կորոնավիրուսի եւ իմունային համակարգի ծերացման դեմ

Հայտնաբերված դեղամիջոցը պայքարում է կորոնավիրուսի եւ իմունային համակարգի ծերացման դեմ

223
0

Դեղամիջոցը, որը կանխում է իմունային համակարգի ծերացումը, արդյունավետորեն կանխում է նաեւ մկների մահը COVID-19-ից։ Նման եզրակացության են եկել Այովա (ԱՄՆ) համալսարանի գիտնականները։ Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակել են Nature ամսագրում։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեղամիջոցը կարող է օգտագործվել՝ պաշտպանելու տարեց հիվանդներին, որոնք բախվել են SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով կյանքին սպառնացող վտանգի։

Ասապիպրանտը (BGE-175), որն իրենից ներկայացնում է PTGDR անտագոնիստ, մշակվել է Կալիֆոռնիայում BioAge կենսատեխնոլոգիական ընկերության կողմից եւ փորձարկվել է մասնագետների կողմից:

PTGDR-ը պրոստագլանդին D2-ի (PGD2) բջջային ընկալիչն է՝ ազդանշանային մոլեկուլ, որը մասնակցում է իմունային ճնշմանը եւ տարիքի հետ դառնում է ավելի ակտիվ: Նախ, PGD2-ը դանդաղեցնում է դենդրիտային բջիջների միգրացիան, որոնք ներգրավված են վիրուսների եւ այլ ախտածինների ճանաչման մեջ, ինչը վատացնում է հակամարմինների եւ իմունային T-լիմֆոցիտների արձագանքը: Երկրորդ հերթին, արյան սպիտակ բջիջները, որոնք կոչվում են նեյտրոֆիլներ, սկսում են ավելի ագրեսիվ արձագանքել վարակված հյուսվածքներին՝ առաջացնելով բորբոքում։

BGE-175-ը խանգարում է PGD2-ի միացմանը բջջային ընկալիչի հետ՝ արգելափակելով ազդանշանային ուղին, որը հանգեցնում է իմունային ճնշվածության եւ ավելորդ բորբոքային պատասխանի: Փորձերը ցույց են տվել, որ ասապիպրանտը մեծացնում է դենդրիտային բջիջների միգրացիան թոքերից դեպի ավշային հանգույցներ, ինչպես նաեւ նվազեցնում է նեյտրոֆիլների մակարդակը թոքերի հյուսվածքներում, ինչը նպաստում է ծեր մկների գոյատեւման մակարդակի զգալի աճին:

Ասապիպրանտը ներկայումս անցնում է 2-րդ փուլի կլինիկական փորձարկումներ, որոնք սկսվել են 2021թ․ մարտին: Գիտնականները ցանկանում են պարզել՝ արդյոք դեղամիջոցը կարող է կանխել շնչառական անբավարարությունը եւ մահը COVID-19-ով տարեց հիվանդների մոտ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ