Գլխավոր էջ Նորություններ Անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում Հայաստանում 2021 թ.-ին 76 երեխա է ծնվել, 211...

Անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում Հայաստանում 2021 թ.-ին 76 երեխա է ծնվել, 211 հղիություն է գրանցվել

378
0

Անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում Հայաստանում 2021 թ.-ին 76 երեխա է ծնվել եւ 211 հղիություն է գրանցվել: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ:

Ծրագրի շահառու է դարձել 850 քաղաքացի: Նախարարի խոսքով, ծրագիրը շարունակական է, եւ ակնկալվում է, որ այս տարի ավելի լավ արդյունքներ են լինելու:

Ավանեսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու պետական ծրագրում մի շարք փոփոխություններ էին մտցվել. մասնավորապես, ընդլայնվել էր ծրագրի շահառուների ցանկը, քանի որ դրա մեջ ներառվել էին սահմանամերձ տարածքներից շահառուները, ինչպես նաեւ ռազմական գործողությունների ընթացքում որդի կորցրած զույգերը: Ավելին, վերջիններիս հնարավորություն է տրվել պետպատվերով օգտվել փոխնակ մոր ծառայությունից, ինչը կմեծացնի նրանց՝ երեխա ունենալու շանսերը:

Հիշեցնենք, որ 2022-ի հունվարի տվյալներով, 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների եւ կամավորների ծնողների ընտանիքներում Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում արդեն երկու երեխա է ծնվել, գրանցվել է եւս 27 հղիություն:

Նշենք նաեւ, որ շահառուների այս խումբը միացել է ծրագրի 2021-ի փետրվարի 25-ին հաստատված որոշումով: Ավելին, 44-օրյա պատերազմում զավակ կորցրած ծնողների համար վերացվել են այն բոլոր սահմանափակումները, որոնք գործում էին շահառուների այլ խմբերի համար. նրանք կարող են ծրագրին մասնակցել նույնիսկ 40-ից բարձր տարիքում՝ մինչեւ 53 տարեկան, նույնիսկ եթե նրանք այլ երեխաներ էլ ունեն:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ