Գլխավոր էջ Գլխավոր Դաունի համախտանիշ․ ի՞նչ է պետք իմանալ

Դաունի համախտանիշ․ ի՞նչ է պետք իմանալ

1675
0

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։ Ովքե՞ր են այդ մարդիկ, ինչո՞վ են առանձնանում և ի՞նչ պետք է իմանանք այդ մարդկանց մասին։ Այս հարցերի պատասխանները Medmedia.am-ի թղթակիցը պարզել է հատուկ հոգեբան Լուսինե Աբրահամյանից։

— Ի՞նչ է Դաունի համախտանիշը և ինչպե՞ս է այն դրսևորվում։

Մենք գիտենք, որ մարդու օրգանիզմը բաղկացած է միլլիոնավոր բջիջներից, որոնցից յուրաքանչյուրը 46 քրոմոսոմ է պարունակում: Այդ քրոմոսոմները 23 զույգ են: Սակայն գենետիկ մուտացիայի արդյունքում քրոմոսոմների 21-րդ զույգին ավելանում` կպչում է, ևս մեկ քրոմոսոմների զույգ, ինչի արդյունքում Դաունի համախտանիշ ունեցող երեխաների մոտ ձևավորվում է ոչ թե 46, այլ 47 քրոմոսոմ: Բժշկության զարգացման այս փուլում մասնագետները չունեն հստակ պատասխան, թե ինչու է դա տեղի ունենում: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մոր տարիքը անմիջականորեն կապված է տվյալ համախտանիշով երեխայի ծննդաբերման ռիսկերի հետ: Այսպես, եթե մինչ 25 տարեկան կնոջ մոտ Դաունի համախտանիշ ունեցող երեխայի ծննդաբերման հնարավորությունը կազմում է 1-ը 1400-ից, ապա 40 տարեկանին մոտ կնոջ մոտ այդ ցուցանիշը աճում է մինչև 1-ը 100-ից, իսկ 45 տարեկանին մոտ կնոջ մոտ` 1-ը 35-ից: Մի շարք հետազոտություններ ապացուցել են նաև, որ հոր տարիքը (45 տարեկանից բարձր) նույնպես մեծացնում է Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու ռիսկերը: Կարևոր է իմանալ, որ ո’չ երեխայի մոր կենսակերպը, ո’չ նրա ազգային պատկանելությունը, ո’չ կրոնական հայացքները, ո’չ էլ բնակության վայրը չեն կարող պատճառ հանդիսանալ Դաունի համախտանիշով երեխայի ծնվելուն: Այս համախտանիշը վարակիչ չէ և այն նաև չի բուժվում:

— Ի՞նչ ֆիզիկական և մտավոր առանձնահատկություններ ունեն նման համախտանիշ ունեցող մարդիկ։

Դաունի համախտանիշ ունեցող երեխաների մոտ կարելի է նկատել`

  • յուրահատուկ դիմագծեր, փոքր գլուխ, լայն դեմք, կարճ և լայն քիթ, աչքերի յուրահատուկ կտրվածք
  • լայն և մեծ լեզու, ինչի պատճառով բերանը հաճախ բաց կամ կիսաբաց է
  • փոքր, ասիմետրիկ, ցածր դիրքավորված ականջներ
  • կարճ և լայն վիզ, իսկ վզի ետևի հատվածում` մաշկային ծալք
  • կարճ վերջույթներ
  • մարմնի անհամաչափ կառուցվածք
  • մկանային ցածր տոնուս և այլն

Այս երեխաները հաճախ են հիվանդանում։ Սինդրոմը հաճախ զուգորդվում է ներքին օրգանների խնդիրներով և այլ հիվանդություններով: Հաշվի առնելով Դաունի համախտանիշի առանձնահատկությունները, նրանց ֆիզիկական, կոգնիտիվ առանձնահատկությունները` պետք է փաստենք, որ այս համախտանիշն ունեցող երեխաներն առավել դանդաղ են զարգանում, քան նեյրոտիպիկ զարգացում ունեցող իրենց տարեկիցները, ինչի պատճառով էլ հաճախ զարգացմամբ հետ են մնում վերջիններից: Այս ամենն անրադառնում է նաև տվյալ համախտանիշն ունեցող երեխաների հոգեբանական զարգացման վրա, ինչն արտահայտվում է ինքնակարգավորման դժվարություններով, հուզականությամբ, իմպուլսիվ վարքով, ոչ ադեկվատ ինքնագնահատականով, սոցիալական շփումների դժվարություններով և այլն: Այս պատճառով անչափ կարևոր է վաղ մանկության տարիքից Դաունի համախտանիշ ունեցող երեխաների` համապատասխան մասնագետների բազմակողմանի վերահսկողությունը, թերապևտիկ աշխատանքներն ու համապատասխան բուժումը:

-Նրանց հետ շփման ինչպիսի՞ առանձնահատկությունների կան

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաղ տարիքից իրականացվող համապատասխան ուղղորդված միջոցառումները մեծ արդյունավետություն են ունենում, ինչի արդյունքում Դաունի համախտանիշ ունեցող անձիք ներառվում են հասարակության մեջ, կարողանում կրթություն ստանալ, իրենց դրսևորել մասնագիտական տարբեր ասպարեզներում (երբեմն նաև կոտրելով համախտանիշի վերաբերյալ ձևավորված կարծրատիպերը): Այս համատեքստում անչափ կարևոր է, որպեսզի և’ մասնագետներս, և’ հասարակության լայն շերտերը, Դաունի համախտանիշ ունեցող անձանց մեջ տեսնենք ոչ թե բուն համախտանիշը, ոչ թե սիմպտոմները, որ հատուկ են այս համախտանիշին, այլ հենց Անձը, որը յուրահատուկ է, ինչպես յուրաքանչյուր մարդկային էակ, որն ունի իր անհատական, անձնային պոտենցիալը, իրեն հատուկ կյանքի տեմպն ու ռիթմը… այդ ժամանակ այն պատնեշը, որը անվանում ենք համախտանիշ և որն առանձնացնում է մեզ միմյանցից, փուլ կգա և մենք կսովորենք քայլել միմյանց ընդառաջ` ընդունելուվ, հարգելով մեկս մյուսիս Այլ լինելը: Եվ եկեք չմոռանանք նաև այն ծնողներին և ընտանիքի անդամներին, որոնք յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր պահի պայքարի մեջ են Դաունի համախտանիշի հետ։ Եկեք ոչ մի դեպքում չկարեկցենք, այլ աջակցենք նրանց` ծնողներին ևս տրամադրելով հոգեբանական խորհրդատվություն, սոցիալական աջակցություն, «առողջ» հասարակական ուշադրություն: Ինչպես ասում էր Սենեկան. «Հասարակությունը քարերից կառուցված կամար է, որը կփլուզվի, եթե մեկը հենարան չհանդիսանա մյուսի համար»:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ