Գլխավոր էջ Նորություններ Մահերի 50 տոկոսը գրանցվել է սրտանոթային հիվանդությունների հետևանքով. սրտաբան

Մահերի 50 տոկոսը գրանցվել է սրտանոթային հիվանդությունների հետևանքով. սրտաբան

276
0

Սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է, սակայն այդ միտումը բնորոշ է ոչ միայն Հայաստանին. դա համաշխարհային բնույթ է կրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2021 թվականին մահերի 50 տոկոսը գրանցվել է սրտանոթային հիվանդությունների հետևանքով։

Սրտաբանը նշեց, որ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման գործոնները կապված են մարդկանց վատ և վնասակար սովորությունների, կախվածության և անուշադրության հետ:

«Սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման և զարգացման գլխավոր գործոնը ծխախոտամոլությունն է: Ցավոք սրտի, Հայաստանը՝ ի տարբերություն զարգացած այլ երկրների, այս առումով առաջատար դիրքերում է: Հաջորդ գործոնը կապված է սնվելու հետ. եթե շատ երկրներում որևէ բան գնելիս առաջնային ուշադրությունը դարձնում են բաղադրությանը, ապա մեզ մոտ այն բացակայում է, մենք սովոր ենք համեղ ուտել, այլ ոչ թե օգտակար: Կարևոր հարց է նաև, որ արդեն իսկ որևէ խրոնիկ հիվանդություն ունեցող անձ, որը պետք է ընտրողաբար մոտենա սննդին, դա չի անում: Նպաստում է նաև քաշի վերահսկման բացակայությունը, սոցիալական տարբեր խնդիրներ ՝սթրեսներ, պատերազմ և այլն: Այս բոլորը հանդիսանում են ռիսկի գործոններ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման և խորացման համար»,-ասաց Համլետ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկրում ներդրված ստենտավորման ծրագրի շնորհիվ զգալիորեն նվազել է ինֆարկտներից մահացությունը: Հայրապետյանը շեշտեց` ստենտավորումը հիվանդության բուժման առաջին փուլն է, այնուհետև հիվանդը պետք է հսկողության տակ լինի, սակայն մեր քաղաքացիները հաճախ դա չեն պահպանում, վիրահատությունից հետո շարունակում են անառողջ կենսակերպ վարել։

Ինչ վերաբերվում է կորոնավիրուսային վարակին, ապա սրտաբանը նշեց, որ այն բացասաբար է ազդում սրտանոթային հիվանդների վրա: Վիրուսը կարող է հանգեցնել կյանքին սպառնացող առիթմիայի, սրտի ինֆարկտի, սրացման քրոնիկ հիվանդության և այլն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ