Գլխավոր էջ Գլխավոր 2 ՏԱՐԻ ԱՆՑ․ ծնողը չի ընդունում, որ մասունքը որդուն է պատկանում և...

2 ՏԱՐԻ ԱՆՑ․ ծնողը չի ընդունում, որ մասունքը որդուն է պատկանում և չի հուղարկավորում

546
0

Պատերազմից անցել է մեկ տարուց ավելի, բայց հետևանքները հաղթահարել դեռևս չի հաջողվում։  Ամենադաժան գործընթացը թերևս մարմինների ու մասունքների նույնականացման գործընթացն է։ Կան ծնողներ, ովքեր մինչև այսօր չեն ցանկանում հավատալ ու համակերպվել իրականության հետ։ Կան նույնականացված մասունքներ, որոնք չեն հուղարկավորվում, քանի որ ծնողը չի ընդունում, որ մասունքը պատկանում է իր որդուն։

«Հայաստանում կան արցախյան 44–օրյա պատերազմի զոհերի նույնականացված մասունքներ, որոնք դեռ հուղարկավորված չեն»,-այս մասին, փետրվարի 17-ին,լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավոք, ունենք նման դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, անգամ մի քանի անգամ կրկնակի հետազոտությունների արդյունքներից հետո ծնողները, հարազատներն իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և հուղարկավորելու»,-ասել է Ավանեսյանը։

Նշենք, որ նույնականացված այն մասունքները, որոնք չեն ընդունվել հարազատների կողմից, պահվում են պետության կողմից։ Պատկան կառույցների կողմից աշխատանք է տարվում զոհվածների ծնողների հետ։ Կան ծնողներ, ովքեր մասունքները երրորդ-չորրորդ անգամ են նույնականացման ուղարկում։ Այս մասին տեղեկացրել է նախարար Ավանեսյանը։

Նա մեկ անգամ ևս հիշեցրել է, որ կան մասունքներ էլ, որոնց նույնականացումն անհնար է։ Եղել են դժվար հետազոտվող մասունքներ, որոնք շատ քայքայված էին և դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնելը։ Հարյուրից  ավելի մասնունքներ ուղարկվել են Հոլանդիա և ստացվել են դրանց արդյունքները։

«Կարելի է ասել, որ մենք նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք, և ներկայում հետազոտման մեջ չունենք որևէ փորձանմուշ»,–տեղեկացրել էր Ավանեսյանը։

Իսկ թե դիահերձարաններում քանի՞ մարմին կամ մասունք է պահվում, առողջապահության նախարարը հրաժարվել էր պատասխանել.

«Ընդհանուր թվերի հետ կապված պատկան մարմինը Քննչական կոմիտեն է, դա իրենց իրավասությունն է, ես ինձ չեմ վերապահի նման իրավասություն»,-ասել էր նա:

Medmedia.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ նախարար Ավանեսյանն արդեն ասել է, որ թվային և այլ տեղեկատվություն տրամադրել ՀՀ Առողջապահության նախարարությունը տրամադրել չի կարող․

«Մասունքների կամ մարմինների համար քրգործ է հարուցված և տեղեկատվությունը Քննչականը պետք է  տրամադրի։ Առողջապահության նախարարությունը չպետք է որոշի մասունքների հուղարկավորություն կատարե՞լ, թե՞ ոչ։ Պետությունը պետք է որոշի։ Նման հարց չի քննարկվում։ Մարմիններն ու մասունքները պահվում են դիահերձարաններում։ Պահման պայմանները ապահովված են, դիահերձարանները նորոգվել ու վերակառուցվել են։Պահպանվում են միջազգայնորեն հաստատված պահման բոլոր կանոնները»,-նշել է նա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ