Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ են հայտնաբերել Հայաստան ներմուծված թռչնամսում

Ի՞նչ են հայտնաբերել Հայաստան ներմուծված թռչնամսում

507
0

Հայաստան ներմուծված հավի մսում անցած տարի հայտնաբերվել է լիստերիա, ախտածիններ, ՄԱՖԱՄ։

Panorama.am-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մանրամասնում է՝ սահմանային պետական վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննության  արդյունքում 2021-ին լիստերիա են հայտնաբերել Բրազիլիայից ներկրված թռչնամսում, Ուկրաինայից ներկրված թռչնամսում գտել են ՄԱՖԱՄ, լիստերիա, ախտածին, Գերմանիայից ու Մեծ Բրիտանիայից ներկրվածում՝ համապատասխանաբար ախտածին և լիստերիա։

Մինչ այդ՝ 2019-ին և 2020-ին ախտածին ու լիստերիա են հայտնաբերել Բրազիլիայից ու Ուկրաինայից ներկրված թռչնամսում։

ՄԱՖԱՄ՝ մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների խմբի մեջ ներառված են  տարբեր միկրոօրգանիզմներ, խմորասնկեր, բորբոսասնկեր, որոնք ապրում են տաքարյուն կենդանիների օրգանիզմում, ինչպես նաև գոյատևում են ամենուրեք՝ օդում, ջրում, հողում, տարբեր մակերեսների վրա։

Սննդամթերքի մեջ թույլատրելի արժեքը զգալիորեն գերազանցող քանակի մանրէների առկայությունը վկայում է կամ հումքի թերի ջերմային մշակման, կամ սարքավորումների վատ ախտահանման, կամ սննդամթերքի պահման ոչ համապատասխան պայմանների մասին:

Լիստերիան ( Listeria monocytogenes) բակտերիայի տեսակ է, որը պատկանում է կորինոբակտերիաների ընտանիքին: Այս ցուպիկով վարակվելիս մարդը կարող է հիվանդանալ լիստերիոզ հիվանդությամբ:

Ախտածին մանրէները  միկրոօրգանիզմների տեսակներ են, որոնք էվոլյուցիայի ընթացքում հարմարվելով կենդանի օրգանիզմներին, մակաբուծում և առաջացնում են վարակիչ հիվանդություններ։

«Երեք տարվա ընթացքում Հայաստան ներմուծված թռչնամսում սահմանային պետական վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննության արդյունքներով  հայտնաբերվել են ախտածին մանրէներ (լիստերիա, ՄԱՖԱՄ), արտադրանքների տվյալ խմբաքանակների ներմուծումը արգելվել է»,-ավելի վաղ Panorama.am-ին հայտնել  էին տեսչական մարմնից։

Ինչ վերաբերում է Ռուսաստանից, Բելառուսից կամ էլ ԵԱՏՄ անդամ այլ երկրից ներմուծված թռչնամսի փորձաքննությանը, ապա ՍԱՏՄ-ից մանրամասնում են, որ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ` Մաքսային միության սահմաններում մի կողմի տարածքից մյուս կողմի տարածք տեղափոխելու (փոխադրելու) դեպքում հսկողության վերցված ապրանքները տեղափոխման (փոխադրման) ամբողջ ընթացքում պետք է ուղեկցվեն կողմերի լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատներով:

Կողմերից մեկի լիազորված մարմնի կողմից տրված՝ ապրանքների անվտանգությունը հաստատող անասնաբուժական սերտիֆիկատների վերաձևակերպում և այդ նպատակով Մաքսային միության մաքսային տարածքում արտադրված, (աճեցված) հսկողության վերցված ապրանքների կրկնակի լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) կատարում չի իրականացվում: Իրացման ցանցում արդեն ստուգումների արդյունքներով խախտումներ չեն հայտնաբերվել, բողոքներ չեն սատացվել։

Նշենք, ոչ թռչնամսի արտադրության ոլորտում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին անգամ  ստուգումներ իրականացրել է 2019-ին։ 2020 և 2021 թվականներին այս ոլորտում ստուգումներ չեն իրականացվել՝  այմանավորված covid19-ի համաճարակով և պատերազմական իրավիճակով։

Այս պահին վերահսկողություն է իրականացվում «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ, «Շիրակ» թռչնաֆաբրիկա, «Լուսակերտ Էլիտ» ՍՊԸ, «Արաքս» թռչնաֆաբրիկա ՓԲԸ, «Գնդեվազ ֆարմ» ՍՊԸ, «Գնթունիք» ՍՊԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Աշտարակ ձու» ՍՊԸ ընկերություններում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ