Գլխավոր էջ Գլխավոր Չլիցենզավորված, առանց թույլտվության, փողոցում․ ինչպե՞ս են «նաղդում» քովիդի դեղերը

Չլիցենզավորված, առանց թույլտվության, փողոցում․ ինչպե՞ս են «նաղդում» քովիդի դեղերը

1257
0

Հայաստանում վաճառվում են առանց համապատասխան լիցենզավորման դեղամիջոցներ, որոնք հիմնականում օգտագործվում են Քովիդ 19-ի բուժման նպատակով։ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է, որ քաղաքացին սոցիալական ցանցերում գովազդել է դեղամիջոցը և իրացրել դրանք։ Քաղաքացի Ս. Մ.-ն տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերել դեղանման ապրանքատեսակներ ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդել և իրացրել է։

Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում ՀՕՀՎ աշխատակիցները հեռախոսազանգի միջոցով ձեռք են բերել պայմանավորվածություն՝ հանդիպելու և ապրանքները գնելու վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում քաղաքացին վարչության աշխատակիցներից կանխիկ դրամով իրացրել է ընդհանուր 830.000 դրամի դեղանման ապրանքատեսակներ, որոնք բժիշկների ցուցումների հիմնան վրա հիմնականում օգտագործում են քովիդով վարակված հիվանդները: Իրացվող դեղանման այս ապրանքներից «Ակտեմրա» դեղատեսակի միայն մեկ տուփի շուկայական արժեքը հասնում է 415.000 դրամի: Տվյալ քաղաքացու կողմից վաճառվող մյուս երկու՝ «Ակտեմրա ենթամաշկային» դեղատեսակների մեկ սրվակի արժեքը 200-215 հզ դրամ է: Ի դեպ՝ Առողջապահության նախարարություն կատարված հարցմանն ի պատասխան ստացվել են տեղեկություններ, որ գնված ապրանքատեսակները հանդիսանում են դեղամիջոցներ և այդ դեղաչափերով ՀՀ չեն ներմուծվել:

Medmedia.am-ը դեռևս ամիսներ առաջ էր խնդրին անդրադարձել ու բարձրաձայնել, որ «ձեռքի վրա» վաճառվում է «Ակտեմրա» դեղամիջոցը, իսկ թե որտեղի՞ց են դրանք ձեռք բերվում կամ ումից, այդպես էլ մնաց անհայտ։

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը ամիսներ շարունակ պայքարում է, որպեսզի ի վերջո բացահայտվի, թե դեղամիջոցը ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ձեռք բերում։ Սակայն գործի հետ կապված նորություն չկա, փաստաբանը կարծում է, որ գործի քննությունը օբյեկտիվ չէ․

«Կորոնավիրուսի դեմ բուժման ընթացքում 700.000 դրամ արժողությամբ դեղը ձեռք է բերվել ոչ թե դեղատնից, այլ փողոցից` բառի բուն իմաստով։ Փողոցից անօրինական գնված դեղը որևէ ազդեցություն չի թողել հիվանդի վրա, իսկ քննիչին չի հետաքրքրել, թե ումից է գնվել այդ կարևոր և թանկ դեղը»,-դեռևս ամիսներ առաջ, Medmedia.am-ի հետ զրույցում ասել էլ փաստաբանը:

Ինչպես երևում է , անպատժելիության մթնոլորտում «դրսում» դեղ վաճառելը դարձավ սովորություն, և շատերը սկսեցին այդկերպ վաճառել դեղերը, հատկապես Քովիդ 19-ի բուժման նպատակով։ Մի գործը դեռևս ստվերում մնացած ջրի երես են գալիս նորերը և անում իրենց գործը՝ անօրինական պայմաններում գումար վաստակելով, այլոց առողջության հաշվին։

«Գործը հիմա դատարանում է, քանի որ կարճվել էր քրեական գործով վարույթը ու բողոքարկել եմ դատախազին, բողոքը մերժվել էր, հիմա դատական կարգով եմ բողոքարկում։ Մարտի 2-ին գործի հետ կապված դատական նիստ ունենք»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց Լուսինե Վիրաբյանը։

Իսկ վերջերս բացահայտված դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթ իրականացնելու համար: Տարվում են նաև հետաքննչական միջոցառումներ դեղերի և դեղամիջոցների անօրինական ճանապարհով ձեռք բերող և իրացնող անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ