Գլխավոր էջ Գլխավոր «Բուժքույր եմ աշխատում, կոնտակտավոր եմ, ասում են՝ կապ չունի, արի՛ աշխատանքի»․ քաղաքացի

«Բուժքույր եմ աշխատում, կոնտակտավոր եմ, ասում են՝ կապ չունի, արի՛ աշխատանքի»․ քաղաքացի

1054
0

Ինչպես ամբողջ աշխարհում, ՀՀ-ում ևս ակտիվ շրջանառվում է կորոնավիրուսային հիվանդության Օմիկրոն շտամը։ Ըստ մասնագետների, այն առանձնանում է իր բարձր վարակելիությամբ և հիվանդության ոչ այնքան ծանր ընթացքով։ Դրան զուգահեռ, հանրապետությունում իրականացվում են համավարակի դեմ պատվաստումները։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ օրերս, կառավարության նիստի ժամանակ ասաց, որ պատվաստումների տեմպը որոշակիորեն նվազել է այս շրջանում, քանի որ Օմիկրոն շտամով պայմանավորված՝ վարակի մեծ ալիք է ձևավորվել, և ինչպես գիտենք, վարակվելուց առնվազն 3 ամիս անց նոր կարելի է պատվաստում իրականացնել։

Այն, որ Օմիկրոնի վարակելիությունը շատ ավելի բարձր է, դա նկատելի էր օրեր առաջ գրանցված վարակի ռեկորդային թվերով՝ օրական 4-5 հազար դեպք։ Եվ, ինչպես հայտնել է ԱՆ-ն, ներկայումս կորոնավիրուսով վարակված անձանց կարանտինը կրճատվել է, պատվաստվածների դեպքում՝ 7, չպատվաստվածներինը՝ 10 օր։

Այսօր՝ փետրվարի 15-ին, MedMedia.am խմբագրություն դիմած քաղաքացին իր անհանգստությունն ու մտահոգությունը հայտնեց աշխատավայրի և վարակի ալիք ձևավորելու հետ կապված։ Քաղաքացին չցանկանալով ներկայանալ և պատմել որտեղ է աշխատում՝ միայն հայտնեց, թե կոնկրետ որ աշխատանքի մասին է խոսքը։ Նա ք․Երևանի բավականին ճանաչում ունեցող բժշկական հաստատություններից մեկում աշխատում է որպես բուժքույր, ով ամեն օր անմիջական շփում է ունենում հիվանդների հետ։ Նրա խոսքով՝ իրենց տանը կա քովիդ հաստատված դեպք, սակայն նա որևէ ախտանշան չունի։

Աշխատանքի վայրում ներկայացնելով իրավիճակը, ասել են՝ պետք է աշխատանքի գաս․ «Քանի որ ես ինձ լավ էի զգում, սակայն հաստատվեց, որ ամուսինս վարակված է, հարկ համարեցի տեղեկացնել աշխատանքի վայրում, որովհետև ամեն դեպքում հիվանդների հետ շփումը, թեկուզ դիմակով, հասկանում եք, որ վտանգավոր է, չգիտես՝ ով ինչպես կտանի վարակվելու դեպքում։ Սակայն ստացա պատասխան, որ դա կապ չունի, եթե ես ինձ լավ եմ զգում, պետք է գնամ աշխատանքի»,- նշեց քաղաքացին։

Նա նկատեց, որ չլինելով բավարար տեղեկացված կոնտակտավորների սահմանափակումներից, սակայն մտահոգվելով հիվանդանոցային բուժում ստացող այլ քաղաքացիների համար, որոնք հնարավոր է իրենց հիվանդության հետ մեկտեղ քովիդով վարակվեն, դիմել է մեր խմբագրություն՝ համապատասխան հարցերը գտնելու համար։ MedMedia.am-ը կապ հաստատեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանի հետ՝ պարզելու, թե ներկայումս ՀՀ-ում կոնտակտավորների հետ կապված կա՞ արդյոք որևէ սահմանափակում, թե՞ ոչ։

«Գործող նորմի համաձայն, եթե հնարավոր է, կոնտակտավորը կաշխատի օնլայն` հեռավար տարբերակով, իսկ եթե ոչ, ապա գործատուն պետք է իր աշխատանքի համար համապատասխան պայմաններ ստեղծի, խոսքը սանիտարահիգիենիկ պայմանների մասին է»,- մեզ հետ զրույցում նշեց Հռիփսիմե Խաչատրյանը։

Այսպիսով, եթե տվյալ անձը իր իսկ նախաձեռնությամբ չթեստավորվի, գնա աշխատանքի և իր մոտ լինի հիվանդության ինկուբացիոն շրջանը, ապա հեշտությամբ կարող է վարակի աղբյուր հանդիսանալ։ Ճիշտ է, նախկինում կոնտակտավոր անձանց մասով ևս գործում էր խիստ սահմանափակում, որը կարծես, ժամանակի ընթացքում մեղմացավ, ինչը նաև աշխարհի շատ երկրներում է։ Սակայն, համավարակի դեմ արդյունավետ պայքարելու, իրենց ասած՝ վարակի շղթան կոտրելու պարագայում նման դեպքերը եթե չեն վերահսկվում, ապա, կարծես մնացած գործիքակազմն այնքան էլ արդյունք տալ չի կարող։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ