Գլխավոր էջ Գլխավոր Պատվաստված անձն ավելի քի՞չ է վարակում․ ինչու՞ են կրճատվել կարանտինի ժամկետները

Պատվաստված անձն ավելի քի՞չ է վարակում․ ինչու՞ են կրճատվել կարանտինի ժամկետները

1582
0

Առողջապահության նախարարությունն օրերս հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Covid 19-ով վարակված անձանց ինքնամեկուսացման ժամկետները փոփոխվել են։ Նոր փոփոխությունների համաձայն՝ ՀՀ-ում ամբողջական պատվաստված անձանց ինքնամեկուսացման ժամկետը 14 օրից նվազեցվել է 7, իսկ չպատվաստվածների համար՝ 10 օր։ ՊՇՌ հետազոտության օրվանից հաշված 7-րդ օրը չպատվաստված անձինք կարող են իրենց նախաձեռնությամբ թեստ հանձնել և դուրս գալ մեկուսացումից։ Հիշեցնենք, որ նախկինում, համաճարակաբաններից մեկը հայտնել էր, որ և՛ պատվաստված, և՛ չպատվաստված անձը նույն կերպ է վարակում։ Ուստի, այս դեպքում ինչո՞վ է պայմանավորված կարանտինի ժամկետների կրճատումը։ Ինչու՞ է պատվաստված անձանց մեկուսացումն ավելի քիչ, մի՞թե վարակն ավելի շուտ է անցնում պատվաստված լինելու դեպքում։

«ԱՆ-ի հայտարարության հիմքը, ամենայն հավանականությամբ, ամերիկյան «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի» թարմացված ուղեցույցն է, սակայն որևէ գիտական փաստի հղում նշված չէ։ Ավելին, հետազոտությունները ցույց են տալիս, որ և՛ պատվաստված, և՛ չպատվաստված մարդկանց մոտ վիրուսի քանակը, որպես այդպիսին, նույնն է լինում»,Medmedia.am-ի հետ զրույցում ընդգծեց վարակաբան Արմեն Օհանյանը։

Վարակաբանի դիտարկմամբ, սա գուցե, խրախուսական ինչ-որ միջոց է իրենից ներկայացնում, որպեսզի մարդիկ ավելի շատ պատվաստվեն և միգուցե, հենց սա է հիմք հանդիսանում, որ պատվաստված անձանց մեկուսացման ժամկետն ավելի քիչ է, քան չպատվաստվածներինը։

«Չեմ կարող պնդել, բայց միգուցե, փոփոխությունը նման կոմպոնենտ է կրում, քանի որ անձանց, որոնք չեն պատվաստվել, թույլատրվում է ՊՇՌ թեստ հանձնել, և բացասական արդյունքի դեպքում, 7 օր հետո արդեն դադարեցնել մեկուսացումը, որը նույնպես գիտական հիմք չունի։ Քանզի, ինչպես գիտենք, թեստը կարող է լինել բացասական՝ անգամ երրորդ կամ չորրորդ օրվանից, բայց մարդը շարունակի մնալ վարակիչ»,- նկատեց վարակաբանը։

Արմեն Օհանյանը նաև հավելեց,որ այնուամենայնիվ, գուցե իրոք վիրուսը այնպիսի փոփոխություններ է կրել, որի դեպքում կրճատվել են ժամկետները։ Սակայն, այս մասով դեռևս հստակ և վերջնական տվյալներ կամ փաստեր չկան, ուստի՝ միանշանակ ասելը, դեռևս վաղ է։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ