Գլխավոր էջ Նորություններ Ե՞րբ կհանվի QR կոդով ժամանցի վայրեր այցելելու սահմանափակումը. նախարարի պատասխանը

Ե՞րբ կհանվի QR կոդով ժամանցի վայրեր այցելելու սահմանափակումը. նախարարի պատասխանը

579
0

Անահիտ Ավանեսյանը կարծում է, որ սահմանափակումները չեն ազդել ժամանցի վայրերի հաճախորդների թվի վրա։

QR կոդով սրճարան, թատրոն կամ այլ ժամանցի վայր այցելելը ժամանակավոր սահմանափակում է, և առողջապահության նախարարությունն այս սահմանափակումը կհանի, եթե կորոնավիրուսի դեպքերը նվազեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարությունն առաջիկայում չի պատրաստվում չեղարկել QR կոդով կամ թեստի պատասխան ներկայացնելով ժամանցի վայրեր այցելելու կարգը։

«Սահմանափակումներին մենք միշտ շատ ճկուն ենք մոտենում և դրանց դիմում ենք խիստ անհրաժեշտության պարագայում։ Երբ սահմանափակման հիմքում եղած իրավիճակը կարգավորվում է, մենք արագ արձագանքում ենք, սահմանափակումը հանում։ Դա վերաբերում էր նաև լոքդաունների քաղաքականությանը։ Միանշանակ, ժամանցի վայրեր այցերի սահմանափակումը նույնպես ժամանակավոր է»,–ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով` այս սահմանափակումն ուղղված է վարակելիության նվազեցմանը և պատվաստումների աճին նպաստելուն։ Նախարարն ասում է` այս ընթացքում այցելել է ինչպես թատրոն, այնպես էլ սրճարան։

«Ես ինքս այցելել եմ թատրոն էլ, սրճարան էլ։ Բարեբախտաբար, բոլոր տեղերում ստուգումներ են եղել։ Որևէ դժգոհություն չեմ լսել»,–ասաց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է սահմանափակման պատճառով ժամանցի վայրեր այցելուների թվի նվազմանը` Ավանեսյանը նշեց, որ այս պահին գնահատել, թե սահմանափակումն ազդել է սրճարանների շրջանառության վրա, ճիշտ չէ։

Հունվարի 22-ի գաղտնիքը. ինչու ՀՀ իշխանությունները QR կոդերը սկսեցին կիրառել հենց այդ օրից

Նրա խոսքով` կորոնավիրուսային հիվանդացության բարձր մակարդակ ունենք, և երբ ակտիվ դեպքերի թիվը 25 000 է լինում, տարբեր տեղեր այցելուների թիվը, բնականաբար,ավելի քիչ է լինում։ Ամեն դեպքում, Ավանեսյանը կարծում է, որ սահմանափակումները չեն ազդել սրճարան այցելությունների վրա։

Հիշեցնենք, որ ըստ նախարարի հրամանի` հունվարի 22-ից ռեստորաններ և սրճարաններ, հյուրանոցներ և մարզասրահներ, ինչպես նաև մշակութային հաստատություններ չի կարելի մուտք գործել առանց պատվաստումը հավաստող փաստաթղթի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։ Մշակութային կենտրոններից Sputnik Արմենիային հայտնել էին, որ սահմանափակման հետևանքով միջինը 45-60 տոկոս տոմսերի վաճառքը պակասել է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ