Գլխավոր էջ Գլխավոր Ինպե՞ս են քովիդի դեմ պայքարել ու պայքարում բժիշկները. Սպիտակի ԲԿ֊ի օրինակով

Ինպե՞ս են քովիդի դեմ պայքարել ու պայքարում բժիշկները. Սպիտակի ԲԿ֊ի օրինակով

632
0

2020 թվականի մարտի մեկից սկսած Հայաստանում տարածվեց Covid վարակը: Դրանով պայմանավորված հանրապետության մի շարք բժշկական կենտրոններ Առողջապահության նախարարության ցուցումով վերապրոֆիլավորվեցին, իսկ մասնագետներն էլ վերապատրաստվեցին քովիդի դեմ պայքարը հնարավորինս ճիշտ տանելու համար:

Zarkerak.am-ը զրուցել է «Սպիտակի» բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանի հետ՝ կենտրոնի օրինակով ներկայացնելու այն աշխատանքը, որը կատարվել է քովիդի ամբողջ ընթացքում սպիտակ բանակի մարտիկների կողմից:

 

Կենտրոնի տնօրենն ասում է՝ սարսուռով, բայց մտել են աշխատանքի մեջ.

 

«2020 թվականին, երբ վերապրոֆիլավորվեցինք 100 մահճակալ նախատեսվեց, բայց պիկերի ժամանակ մինչև 120-ի է հասել մահճակալների թիվը: Այդ ընթացքում ամբողջությամբ կադրերի հագեցվածություն ենք ապահովել և երբևէ կադրերի խնդիր չենք ունեցել, նույնիսկ այլ պրոֆիլի մասնագետները  վերապատրաստվել են ու ստանձնել քովիդի դեմ պայքարի աշխատանքը»,- ասում է Վարդուհի Սիսակյանն ու հիշում, թե ինչպես է եղել առաջին հիվանդի մուտքը ԲԿ: Ասում է, որպես այդպիսին առաջին հիվանդ չի եղել.

 

«Գյումրու խնամքի կենտրոն»-ի բնակիչներն էին վարակվել: Առաջին հիվանդ՝ միանգամից 48 հոգի են եղել, որոնք ոչ միայն քովիդով էին հիվանդ, այլ խնամքի կարիք ունեին, որոշակի հոգեբանական և շարժողական , սոմատիկ խնդիրներով պացիենտներ էին։ Մենք էլ ահաբեկված, խիստ վախեցած էինք, որովհետև, որպես այդպիսին, քովիդով առաջին պացիենտներն էին: Շատ ծանր օրեր ենք ունեցել»,- հիշում է ԲԿ-ի տնօրենը:

 

Քովիդի տարածման ընթացքում, երբ հանրապետությնում դեպքերի թիվն ամեն անգամ հերթական պիկին էր հասնում, ստեղծված տեսակավորման կենտրոնից  հիվանդներին ուղղորդում էին հանրապետության տարածքում գտնվող այն  հաստատություն, որտեղ ազատ մահճակալ կար:

 

Մենք զրուցել ենք քովիդով ծայրահեղ ծանր վիճակում հայտնված հիվանդներից մեկի հետ, որը լինելով Արմավիրի մարզի բնակիչ հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ և վերակենդանացման բաժանմունքում է գտնվել տևական ժամանակ:

 

Պետրոսյան Լաուրան 71 տարեկան է: Նրա մոտ նախորդ տարվա՝ 2021  թվականի հոկտեմբերի 31-ին են ի հայտ եկել քովիդի առաջին ախտանշանները: Ինչպես բոլորի, նրա դեպքում ևս առաջինը կարծել են, որ «սովորական» սուր շնչառական վարակի ախտանշաններ են, սակայն գնալով վիճակը բարդացել է: 2 շաբաթ անց դիմել են բժշկի ու արդեն թոքերի բավականին մեծ տոկոս ախտահարություն է գրացվել:

 

Տիկին Լաուրային ուղղարկել են Սպիտակի ԲԿ, որտեղ էլ նա վերակենդանացման բաժանմունքում է գտնվել՝ անգիտակից վիճակում:

 

«Դելտայի տարածման ամենաբարձր ցուցանիշ ունեցող շրջանն էր, մոտակա ոչ մի հիվանդանոցում ազատ տեղեր չկային  ու մեզ ուղարկեցին Սպիտակ ու երևի թե մեր բախտը բերեց հենց այդ ԲԿ-ում հայտնվելու համար, որովհետև այդ կենտրոնում ամեն ինչ արել են ծայրահեղ ծանր վիճակից հանելու համար»,- ասում է տիկին Լաուրայի հարսը՝ Հերմինեն և հավելում, որ բավական երկար ժամանակ են գտնվել կենտրոնում՝ նոյեմբերի 13-ին տեղափոխվել են հիվանդանոց և մինչև դեկտեմբերի 22-ը եղել է վերակենդանացման բաժանմունքում, իսկ 22-ից հետո, երբ ստացել են բացասական թեստի պատասխան, վստահելով կենտրոնի բժիշկներին տեղափոխվել են նույն կենտրոնի թերապևտիկ բաժանմունք.

 

«Մի քանի շաբաթ էլ այնտեղ մնալուց հետո արդեն դուրս է գրվել՝ անկողնային վիճակում, բայց հիմա արդեն գրեթե առողջ է»,- ասում է Հերմինեն:

 

Կենտրոնի տնօրենին երբ հարցրեցիք  տիկին Լաուրայի  մասին, միանգամից հիշեց որ «իրենց» Լաուրայի մասին է խոսքը.

 

«Ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված արմավիրցի մեր պացիենտն է: Ամբողջ ընտանիքը լարված էր, և ոչ մեկը ջանք ու եռանդ չէր խնայում, որ նա ապաքինվեր: Ինքը պայքարող տեսակ էր, բավականին երկար է հոսպիտալացված եղել»,-պատմում է կենտրոնի տնօրենը, սակայն չի մոռանում շեշտել, որ նա պատվաստված չի եղել, հակառակ դեպքում այդքան ծանր ընթացք չէր լինի: Նա հորդորում է բոլորին պատվաստվել, որովհետև պատվաստված մարդը վերակենդանացում չի ընկնում, իսկ հայտնվելու  դեպքում երկար չի մնում՝ արագ է ապաքինվում:

 

«Լաուրան բավականին երկար անհույս է եղել, շնչական մակերես չկար, ու ուներ բավականին շատ ուղեկցող հիվանդություններ: Ծանր ճանապահով է անցել ու անընդհատ միացված է եղել արհեստական շնչառության ապարատին»,- հիշում է Վարդուհի Սիսակյանը:

 

Բժիշկ – անգիտակից հիվանդ

 

Սպիտակի ԲԿ-ն մոտ 8000 հիվանդի է սպասարկել այս ընթացքում: Կենտրոնի տնօրենի խոսքով, այդ ընթացքում ունեցել են շատ պացիենտներ, որոնք անգիտակից են եղել: Նման դեպքերում, քանի որ չի թույլատրվում հարազատների ու հիվանդների տեսակցությունը, բժիշկները միջնորդ են դառնում:

 

«Նման դեպքերում պետք է միշտ իրավիճակը ռեալ ներկայացնենք հարազատներին»,- ասում է կենտրոնի տնօրենն ու շեշտում, որ հարազատների կողմից այն հարցադրումը, թե «քանի՞ տոկոս հույս կա» տեղին չէ, որովհետև մենք ասում ենք՝ հույս միշտ կա,-«Մենք պայքարել ենք մինչև վերջ ու Լաուրան այժմ տանն է գտնվում»:

 

Տիկին Լաուրան էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դժվար օրեր են եղել, և այդ ամբողջ ընթացքում հիշողությունն աղոտ է եղել:

 

«Միշտ մտածում էի, որ ես կարող է տուն չվերադառնամ, բայց հետո որ վերադարձա, մտածում եմ, որ բժիշկներն իսկապես հրաշք են գործում»,- ասում է տիկին Լաուրան ու շեշտում, որ ճիշտ է հիվանդի օրգանիզմից էլ է կախված, բայց բժիշկները շատ լուրջ աշխատանք են կատարում:

 

Այժմ տիկին Լաուրան տանն է, ինչպես  վերևում նշեցինք, սակայն դեռևս ամբողջությամբ չի վերականգնվել:

 

«Հիմա անկողնային վիճակում է և թթվածնային սարք է միացված »,- ասում է Հերմինեն: Բժիշկն էլ շեշտում է, հետքովիդյան շրջանը ևս դժվար է հաղթահարել, սովորաբար 6 և ավելի ամիսներ են պահանջվում վերականգնման համար:

 

Ե՛վ տիկին Լաուրան, և՛ կենտրոնի տնօրենն առնչվելով այս հիվանդությանը՝ մեկը մասնագիտական մղումով, մյուսը հիվանդանալու պատճառով՝ երկուսն է հորդորում են լուրջ վերաբերվել հիվանդությանը.

 

«Պետք է շատ լուրջ վերաբերվեն, ես ինքս լուրջ չեմ վերաբեվել, բայց վերջում այնքան իքնազգացողությունս վատացավ, որ անգիտակից տեղափոխվեցի հիվանդանոց»,- նշում է տիկին Լաուրան:

Իսկ Վարդուհի Սիսակյանն էլ շեշտում է ներկայիս վիճակը. «Այն տպավորությունը, թե օմիկրոնը թեթև է՝ սխալ է: Այն թեթև է ընթանում երիտասարդների ու պատվաստվածների շրջանում, բայց երբ վարակը հասնում է մեծահասակներին՝ մանավանդ չպատվաստված, նրանց դեպքում կարող է ծայրահեղ ծանր ընթանալ հիվանդությունը»,- ասում է բժիշկն ու տեղեկացնում, որ այս պահին Սպիտակի ԲԿ-ն արդեն իսկ «խայտառակ» ծանրաբեռնված է՝ 150 հիվանդ արդեն իսկ կա կենտրոնում,նրանցից 30-ը գտվում են վերակենդանացման բաժանմունքում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ