Գլխավոր էջ Գլխավոր Ի՞նչ է արել Շվեդիան, որը չի անում Հայաստանը համավարակի դեմ պայքարում․ Գևորգ...

Ի՞նչ է արել Շվեդիան, որը չի անում Հայաստանը համավարակի դեմ պայքարում․ Գևորգ Գրիգորյանի պարզաբանումը

399
0

Շվեդիան փետրվարի 9-ին դադարեցրել է քովիդով պայմանավորված բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ թեստավորումները։ Շվեդիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ քովիդը չի վերջացել, բայց այն այնպիսին, ինչպիսին գիտեինք, ավարտվել է։

PressTime.am-ը առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանից հետարքրվել է, թե ինչպես է Շվեդիան հաջողել համավարակի դեմ պայքարը, ինչ է արել, որը չի անում Հայաստանը։

«Շվեդիան գնացել է առանց սահմանափակումների ճանապարհով։ Բնակչության մեծ մասը ձեռք է բերել բնական իմունիտետ, մի մասն էլ պատվաստումների միջոցով իմունիզացվել է արհեստականորեն, այսինքն, իմունիտետ ունեն։ Հետևաբար իրենց համար կարելի է համարել, որ քովիդը սեզոնային գրիպի պես հիվանդություն է»,-ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանի կարծիքով, հանրային սննդի կետերում սահմանափակումները կրում են բացառապես ձևական, արհեստական բնույթ, որովհետև նույն տրանսպորտում մարդիկ երթևեկում են, գրեթե միշտ, առանց դիմակ, առանց QR կոդ, երթևեկում են իրար շատ մոտ տարածության վրա․ «Իսկ հանրային սննդի օբյեկտներում, գոնե, մեկ մետր հեռավորություն կա սեղանների արանքում, դա տրամաբանական մոտեցումն է։

Ինչ վերաբերում է հասարակության պահանջին, հասարակությունը ոչ թե պահանջում է հանել սահմանափակումները, այլ պահանջում է տրամաբանական որոշումներ կայացնել։ Ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծել, այլ իրականում պայքարել համավարակի դեմ։

Մի կողմից մեր հասարակության պահանջն ու դիսկոմֆորտն է, մյուս կողմից մեր պետական պաշտոնյաների հայտարարություններն են, որոնք ոչ միանշանակ են ընկալվում նույն հասարակության կողմից։

Հաշվի առնելով այդ հայտարարությունները, որոնք բովանդակությունից զուրկ են, հաշվի առնելով անիմաստ գործողությունները և դրանց վրա ծախսած ահռելի գումարները, հաշվի առնելով պայքարի տապալումը, որ մինչ օրս մեզ մոտ ալիքները մեկը մյուսին հաջորդում են, հասարակությունն իրավունք ունի վրդովվել այդ ամենից։

Որևէ արտառոց բան դրանում չկա, եթե մեր պետական համակարգը պատրաստված լիներ համաճարակին դիմագրավելու և իրապես դիմագրավեր, ստեղծեր վստահության մթնոլորտ, ապա այս բոլոր խոսակցությունները չէին ծավալվի։ Բայց հարցերին պատասխանելու, հասարակությանը հետաքրքրող բարձրաձայնած թեմաներին անդրադառնալու փոխարեն, սկսվել է և շարունակվում է պիտակավորում, քարկոծում, ինչ-որ անիմաստ քայլեր, որոնք որևէ դրական արդյունքի չեն բերելու»,-ասաց Գևորգ Գրիգորյանը։

Գրիգորյանը տեսնելով այս ամենը, այն համարում է տրամաբանական շարունակություն այն մեթոդների, որոնք որդեգրել է մեր պետական համակարգը։

Հարցին, թե ինչու մեր Կառավարությունը չի գնում Շվեդիայի հետքերով, Գրիգորյանն ասաց․ «Որպեսզի մարդիկ կարողանան ոլորտ ղեկավարել, երկիր ղեկավարել, իրենք իրենց կյանքում գոնե մի բան պետք է ղեկավարած լինեն, ոչ թե թերթի խմբագրություն կամ մի հատ մեկ սենյականոց բնակարանի չափ կլինիկա։ Կամ գոնե պետք է մասնագետ լինեն, օրինակ իրավաբան չլինեն, այլ առողջապահության կազմակերպիչ լինեն, եթե առողջապահության ոլորտն են ղեկավարում։

Դա գիտելիքի պակաս է, դա կառավարման փորձի պակաս է, շատ տարբեր դրական հատկանիշների պակաս է։ Ժողովրդական լեզվով ասում են՝ չեն տեսել պատից կախ, տեսան ճակատից կախ։ Հիմա այդ մարդիկ ամբողջ կյանքը չեն կարողացել իրենց միտքը ձևակերպել և դիմացինին համոզել, իսկ հիմա իրենց ձեռքն ընկել է իշխանական լծակ, որոնց միջոցով փորձում են պարտադրել։ Այ դրա համար մեզ մոտ ոչ մի տեղաշարժ չի լինում որևէ ոլորտում, որովհետև դա համատարած բնույթ է կրում»,-նշեց նա։

Անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի լեզվի սայթաքմանը, որը տեղի ունեցավ երեկ Աժ-ում, Գրիգորյանն ասաց․ «Դուք վերցրել եք առողջապահության նախարարի լեզվի սայթաքումն ու դա եք բարձրաձայնում, և դա անում է ամբողջ մամուլը։ Բայց չեք վերցնում այն փաստը, որ պատվաստված և չպատվաստված մարդկանց միջև նույն ինքնամեկուսացման խտրականությունն է դրվում։

Ամերիկյան CDC-ը բոլորի համար ինքնամեկուսացումը կիառում է յոթ օր՝ անկախ նրանից ինքը պատվաստված է, թե՝ ոչ։ Մեր երկրում յոթ ու տաս օր են կիրառում, այսինքն պատվաստվածներին՝ յոթ օր, չպատվաստվածներին՝ տաս։ Դուք այդ խտրական մոտեցման հարցը թողնում եք ուշադրությունից դուրս, առողջապահության նախարարի «բլթցրածը», կներեք արտահայտությանս համար, քննարկում ենք։

Հասկանում ենք, որ զուտ լեզվի սայթաքում է։ Մեդիան էլ է մեղավոր, որ մեր բնակչությանը դրա վրա է կենտրոնացնում, ոչ թե բովանդակային մոտեցման վրա։

Մինչև մենք չսկսենք առողջապահության համակարգն ընկալել որպես բովանդակային համակարգ, որպես իրականում ինչ-որ գիտելիքահեղ համակարգ, այլ մտածենք, որ դա սենսացիաների համախումբ է, մեր բնակչության ընկալման մեջ որևէ փոփոխություն չի լինի։

Թորոսյան Արսենը, նույն առողջապահական համակարգի նախկին նախարար, հիմա ԱԺ պատգամավորն ասում է՝ այն մարդիկ ովքեր ստիպված էին պատվաստվել, պատվաստվեցին։ Դա մնում է մեդիայի տեսադաշտից դուրս, որ մարդը փաստացի խոստովանում է, որ ստիպել են մարդկանց առողջության հետ որևէ փոփոխություն կատարել, ստիպել են որևէ բուժական միջոց կիրառել բնակչության վրա, այնինչ դա մեր սահմանադրությանը հակասում է։ Դա մնում է ուշադրությունից դուրս, բայց որ այդ աղջիկը հանկարծակի «ախմախ» բան է ասել ԱԺ ամբիոնից՝ դառնում է բոլորի քննարկման թեման, դրա համար էլ մենք այս օրի ենք»-եզրափակեց Գևորգ Գրիգորյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ