Գլխավոր էջ Գլխավոր «ՄՈՒԹ ԾՆԱՐԱՆ»․ Լուիզան մահացավ և թողեց բազմաթիվ անպատասխան հարցեր

«ՄՈՒԹ ԾՆԱՐԱՆ»․ Լուիզան մահացավ և թողեց բազմաթիվ անպատասխան հարցեր

2647
0

2019 թ-ի սեպտեմբերի 2-ը  24-ամյա  Լուիզա Ավետիսյանի համար ճակատագրական դարձավ․․․Պետք է ուրախանային, նշեին որդու ծնունդը, բայց ավաղ․․․կեսարյան հատումից ժամեր անց հարազատները լսում են սարսափելի լուրը․ Լուիզան մահացել է, թե ի՞նչ է կատարվել վիրահատարանում, ոչ ոք չիմացավ։ Մարգարյան ծննդատան պատերի ներսում,կեսարյան հատման ժամանակ մատղաշ կյանքը խամրեց, բայց ոչ ոք չբարձրաձայնեց, ականատեսներից և ոչ ոք չասաց, թե ինչ է կատարվել այդ «սև ծնարանում»։

Արդյունքում, անորոշությունից տանջվում են Լուիզայի հարազատները։ Նրանք պնդում են, որ ծննդկանը լիովին առողջ է եղել, մինչև վերջ թեթև հղիություն է ունեցել, թե ինչու՞ կամ ինչի՞ց է մահացել՝ չգիտեն։

Այս դեպքին անդրադարձավ գրեթե ամբողջ լրատվական դաշտը, թվում էր՝ մեղավորները անպատիժ չեն մնալու, բայց արի ու տես, որ անցել է 2 տարուց ավելի ժամանակ, բայց ոչ մեղավորներն են բացահայտվել, ոչ էլ պատժվել են։ Ցավը մնացել է Լուիզայի հարազատների սրտերում, իսկ փոքրիկ որդին մեծանում է առանց մայրական գուրգուրանքների։

Medmedia.am-ի հետ զրույցում Լուիզայի քույրը՝ Էլիզան նշեց, որ բուժանձնակազմի անուշադրության և ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանքով կորցրել է իր կրտսեր քրոջը։

«Շատ լավ հղիություն տարավ, իրեն շատ լավ էր զգում, երբեք որևէ բողոք չի ունեցել»,-բազմիցս նշել է Էլիզան ու հավելել, որ քրոջ մահվան հանգամանքները առեղծվածային են։

«2․5 տարի է անցել, բայց գործընթացը նույն փուլում է մնացել, ոչ մի առաջընթաց չկա, նույն տեղում են դոփում։Երբ հարցնում ենք, ասում են՝ սպասեք, նորություն կհայտնենք, ու այդպես ծածկադմփիկ անելով, չգիտես ինչու, ժամանակ են շահում։ Արդեն չգիտենք, այս անօրեն երկրում ինչպես արդարություն ակնկալենք, գործն անգամ դատարան չի հասել ու ամենամեծ մեղավորը շարունակում է աշխատել ու վայելել կյանքը»,-Medmedia.am-ի հետ զրույցում նշել է Լուիզա Ավետիսյանի քույրը՝ Էլիզան։

Նա հավելեց, թե քանի դեռ գործը վարում են իրավապահ մարմինները, փորձում են չմիջամտել գործի ընթացքին։

«Դեռ հույս ունենք, որ օրենքով ամեն ինչ կլուծվի, եթե ես առերես տեսնեմ մեղավոր տականքին, պատասխանատու չեմ լինի արարքներիս մեջ։ Միշտ հրապարակումներ ենք արել, փնովել, մեղադրել, բայց ոչ մի արձագանք չենք ունեցել և հիվանդանոցի և բժիշկ կոչվածի կողմից։ Ավելին, մեր մուտքն իրենց էջեր արգելափակում են։ Եթե գործը հասնի դատարան, կարծում եմ մեղավորը իր պատիժը կստանա, հույս ունենք, որ գոնե մեկ հարցում արդարություն կհաստատվի։ Համոզված եմ և պնդում եմ, որ բժշկական ամենամեծ սխալը Արմեն կոչվածինն էր, քանի որ իր հսկողության տակ էր եղել Լուիզս, և եթե ճնշում էր ի հայտ եկել, կարող էր կեսարյան հատումը նույն օրը կատարեր, ոչ թե պահեր երեք օր հետո, հետո էլ չգիտեմ ինչ փորձեր անելով սպանել քրոջս ծնարանում, մինչև կեսարյան հատումը քրոջս հետ խոսել ենք, հաստատ ինչ որ սխալ են արել ու այդ սխալը կյանք է արժեցել։ Դրա հետևանքով կորցրեցինք Լուիզիս ու իր բալիկը մնաց մայրիկին կարոտ։ Կրկնեմ, որ քույրիկս լիովին առողջ է եղել։ Եթե ստոր մարդասպանը չպատժվի երկրային կյանքում, երկնայինում հաստատ պատժվելու է ու այնքան անեծք կա իր վրա, ինչքան էլ աղոթի՝ չի փրկվի, մայրական անեծքից վատ բան չկա․․․»,-սահմանափակել է Էլիզան։

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ